ՃՈԽ ԾԱԽՍԵՐ՝ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Նախ, Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, եւ միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան .5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Այսինքն՝ նոր քննչական մարմինը, որը պետք է զբաղվի կոռուպցիոն գործերի բացահայտմամբ, արժենալու է 8մլրդ դրամ։

Բացի այս, ինչպես հաղորդում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Երեւան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։ Ինչպես ավագանու անդամն է բնութագրել, 24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար: Իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «քրոնիկ» արձակուրդում է, եւ չկա բացատրություն, թե ինչու հենց այդ անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվեց կլորիկ գումարը։

Մեկ այլ փաստ եւս. միայն դեկտեմբեր ամսին ՀՀ Քննչական կոմիտեի բացված գրի աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար, իսկ 2020թ.-ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Այնինչ այս իրավիճակում գումարները պետք է ուղղվեին Արցախում անօթեւան մնացած քաղաքացիների կարիքները հոգալուն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, եւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը։ Իսկ, ահա, դատավորները ասում են, որ Ջհանգիրյանը ԲԴԽ  կարող է գալ միայն օրենքի փոփոխության արդյունքում, եւ, ըստ էության, չեն ընդունի ավագ անդամին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում երեկ կայացած հանդիպմանը, ապա, մեր տեղեկություններով,  երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ջհանգիրյանի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով, հանդիպումից դուրս են եկել ապշած, որ, ի վերջո, իրենց հաջողվել է գտնել մի մարդու, որը կարողանում է խոսել «դուխով», ավելին՝ իրենց «դուխ» է տվել: Ջհանգիրյանը շատ մանրամասն խոսել է Մատաղիսի դեպքերի մասին ու ներկայացրել է մանրամասներ գործից: Հարց է հնչել նաեւ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որին Ջհանգիրյանը պատասխանել է, թե դրա մասին ինքը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ նրան այդ պաշտոնին առաջարկել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ միասին, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հավելենք, որ իմքայլականները երեկ 7-րդ երկնքում էին այն բանի համար, որ Ջհանգիրյանը արդեն կգնա ԲԴԽ ու բոլոր հարցերը իրենց տեղը կգցի:

 

 

 

Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մսամթերքի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի 10 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները, թեկուզ չնչին, բայց ավելացել են. պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.2 տոկոս: Իսկ, ահա, խոզի մսի դեպքում հակառակ պատկերն է. անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 11.1 տոկոսով: Տեղեկացնենք, որ խոզի մսի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով հանրային սննդի օբյեկտների չաշխատելու հետ։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են ավելացել 11.9 տոկոսով։ Ավելացել են նաեւ թռչնամսի արտադրության ծավալները 6.8 տոկոսով: Միաժամանակ նշենք, որ աճ արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 0.5 տոկոսի չափով: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256:

 

 

 

Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։ Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ եւ ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։ Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, եւ, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։ Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար։

 

 




Լրահոս