Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում, այս մասին ասվում է Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունում»։
ԿԲ գնահատմամբ, գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ։
ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ «Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։
Հաշվետվությունում նշվում է, որ հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։
ԿԲ-ն համավարակի, տնտեսական անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը վերանայել է փոքր-ինչ ներքև։
«Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով»,-նշվում ԿԲ հաշվետվության մեջ։
ԿԲ հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։