Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
«Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել է, բայց առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ: Նախաքննությունը դեռ սկզբնական փուլում է, եւ որեւէ վարկածի մասին հաստատ խոսելը դեռ վաղաժամ է»,- նշեց Մարտիրոսյանը:
Նկատենք՝ հրդեհից հետո առաջացել են բազմաթիվ հարցեր եւ կան հակասություններ գերատեսչությունների ղեկավարների խոսքերի, պաշտոնական հայտարարությունների միջեւ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի սպան, նախնական տվյալներով, վառարանը փորձել է վառել բենզինով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Այս մասին կառավարության նիստում խոսել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:
Արդեն ավելի ուշ կրկին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն էր վերահաստատել Փաշինյանի ասածը։
Սակայն հենց հրդեհի օրը զորամասի դասակի հրամանատարը պնդել էր, թե զորամասի տարածքում բենզին չի եղել։
Եվ չնայած այն հայտարարություններին, թե վառարանը վառվել է բենզինով, զինդատախազը եւս շեշտել էր՝ դեռ վաղ է հստակ ասել, փորձաքննությամբ պետք է պարզեն՝ զորամասից առգրավված տարրաների մեջ ինչ հեղուկ է:
«Հետագայում փորձաքննություններով կպարզվի պարունակությունը, դա դիզվառելիք է, թե ավտոբենզին է», – հայտարարել էր նա։
Նաիրա Հովհաննիսյան