ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

 

Վերջինս, իր հանցավոր գործունեությունն իրագործելով, հավաքել եւ իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի եւ քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի եւ մարտական հերթապահության վերաբերյալ՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը:

Հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է ԱՀ քաղաքացիներին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը եւ տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

ArmLur.am-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում Հակակոռուպցիոն կոմիտեում աղմկահարույց ձայնագրման գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ):

6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց: Եւ հիմա որոշվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր Ռուբեն Վարդազարյանը:

Ավելին` վերացվել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու եւ գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, եւ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվեց մի դատավորի հետ նրա զրույցի գաղտնալսման արդյունքում, դրա համար էլ նա իր եւ Ջհանգիրյանի զրույցը հանրայնացրեց: Ստացվում է, որ ԲԴԽ երկու նախագահներն էլ պաշտոնը կորցրեցին գաղտնալսման հետեւանքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ոչ մի սպասելիքներ չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12-ին՝ ժամը 22:25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Դվին գյուղ, որտեղ դանակահարված մարդ կա:

Ժամը 23:10-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած, արնահոսող, թափանցող վերքով բուժօգնության էր ընդունվել Վերին Դվին գյուղի 33-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22:20-ի սահմաններում Դվին գյուղի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր կնոջ հայրը: 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է

Հունվարի 12-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում բախվել են Opel Astra G (վարորդ՝ Ա. Գ.), Kia Rio (վարորդ՝ Ա. Վ.՝ ծնված 1954 թ.) եւ Mercedes-Benz G մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա. Գ-ին դուրս բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին՝ Էդուարդ Նադարյանը, ցուցմունք է տվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ իրեն դանակահարած անձանց նա չի ճանաչել: Քայլելիս է եղել, հարձակվել են իր վրա ու սկսել դանակով հարվածել, ինքն էլ չի կարողացել պտտվել ու տեսնել, թե ով է իրեն դանակահարողը, ուստի ինքնապաշտպանվելու համար կրակել է: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է, ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն, եւ Դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»: Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը, որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր: Նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչն է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս