Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կոչ է արել քաղաքի բնակիչներին խնայել ջուրը՝ երաշտի սպառնալիքի պատճառով։
Նա հայտնել է, որ, ըստ օդերևութաբանների, հաջորդ շաբաթ Ստամբուլում առանց տեղումների եղանակ է սպասվում։
«Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ավելի ուշադիր լինել ջուրը սպառելիս և խնայել այն։ Մեր քաղաքն ու երկիրը կանգնած են երաշտի վտանգի առաջ»,- գրել է քաղաքապետը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ կիրակի օրվա դրությամբ քաղաքի ջրամբարներում ջրի պաշարները չոր ամառվա պատճառով նվազել են մինչև նորմայի 32,38 տոկոսը։ Սա ամենացածր ցուցանիշն է վերջին ինը տարվա ընթացքում։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթ Ստամբուլում միջին ջերմաստիճանը կգերազանցի 30°C-ը։
Օգոստոսի 16-ին հաղորդվել էր, որ Ստամբուլում 2014 թվականից ի վեր առաջին անգամ ջրամբարների լցվածության մակարդակն իջել է ամենացածր մակարդակի։