Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան ինքնիշխանություն. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց ազգային տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, և նրանք իրենց գործնական գործողություններում առաջնորդվելու են այս սկզբունքով։ Այդ մասին հայտարարել են կողմերը», – ասել է Զախարովան։

Ռուսական կողմը, նրա խոսքով, շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով։ Նա կողմնակից է բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։

«Միևնույն ժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ դաշնակից պետություններ են, մենք պարտավորված ենք  անվտանգության ոլորտում համագործակցել Երևանի հետ՝ և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ՀԱՊԿ ձևաչափով։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է ամենաբարձր մակարդակով։ Այդ գործընթացը  2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում հաջողությամբ իրականացավ նաև Բաքվի հետ»,- նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այս հարցն ուշադրությամբ քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հենց այս ձևաչափով պետք է փոխադարձ ընդունելի լուծում գտնել։

«Նման համաձայնագրերը, որոնք հիմնված են շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե խորհրդային իշխանությունները «Արևմտյան Զանգեզուրը» փոխանցել են Հայաստանին՝ կտրելով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե պատմությանը, որը հայտնի է Ռուսաստանում, այլ երկրի վրա դինամիկ զարգացող իրավիճակին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Անկարան ամեն ինչ կանի «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացման համար։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս