Արցախից բռնի տեղահանված անձին խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը եւ երեխան հաշվառված են եւ գտնվում են ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերի Ղարայանը 2004 թվականից բնակվել է Արցախում՝ Ստեփանակերտում, այնտեղ ուսում է ստացել և ամուսնացել:

«Ծննդով Գորիսից եմ: 2004 թվականից ապրել եմ Ստեփանակերտում: 2019 թվականին, երբ ամուսնացել եմ, արդեն փոխել եմ նաև անձնագիրս՝ ստանալով 070 անձնագրային համարը: Երկու երեխաներս ծնվել են Ստեփանակերտում, մեծը՝ 2020թ., իսկ փոքրը՝ 2023թ.: Նպաստ ստանալու համար՝ դիմել եմ համապատասխան բաժին: Պատասխանել են, որ նշանակություն չունի այն, որ ունեմ 070 համարով անձնագիր, ապրել եմ այնտեղ և երեխաներս ծնվել են Արցախում: Կարևորում են այն, որ ծնողներս ՀՀ քաղաքացի են, ես եղել եմ ՀՀ քաղաքացի և այդ ամենից ելնելով՝ երեխաներիս ևս հաշվում են ՀՀ քաղաքացի»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Մերի Ղարայանը:

Մերի Ղարայանի 070 համարով անձնագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականը, սակայն երեխաների խնամքի նպաստ ստանալու համար Աջափնյակի անձնագրային բաժնում տեղեկացրել են նրան, որ պիտի հրաժարվի գործող անձնագրից:

«Մեծ երեխայիս համար արդեն խնամքի նպաստ չեմ ստանալու, իսկ փոքրս քանի որ ծնվել է 2023 թ. կարող եմ ստանալ միայն անձնագիրս փոխելուց հետո: Ինձ և երեխաներիս բռնի տեղահանված անձի կարգավիճակ ևս չեն տալիս՝ հաշվի առնելով այն փաստը, որ ես մի ժամանակ եղել եմ ՀՀ քաղաքացի»,- ասել է մեր զրուցակիցը:

Նույն խնդրով ArmԼur.am-ին է ահազանգում նաև Արցախից բռնի տեղահանված Արփինե Մեսրոպյանը, որ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 1 տարեկան երախային տրամադրվող նպաստ չի ստացել:

«Արցախում ապրում էի Մարտունի շրջանի Գիշի համայնքում: Ես և երեխաս ևս Գիշի համայնքի գրանցում ունենք և ամեն ամիս 33 հազար դրամի չափով երեխայի նպաստ էի ստանում, սակայն բռնի տեղահանումից հետո ոչինչ չեմ ստացել»,- ասել է Արցախից բռնի տեղահանված Արփինե Մեսրոպյանը:

Խնդրով պայմանավորված՝ ArmԼur.am-ը կապ է հաստատել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնորեն նշել է.

«Խնամքի նպաստի մասով հայտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստը նշանակվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ Այս տեսակետից, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ նշանակվում է, եթե՝

1. ծնողը ՀՀ գոծատուի մոտ գտնվում է խնամքի արձակուրդում կամ

2. ծնողը ունի ՀՀ գյուղական բնակավայրի՝ առնվազն մեկ տարվա հաշվառում և երեխան նույնպես հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով։

Ըստ այդմ, եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը բավարարում է վերը նշված պայմաններին (ՀՀ գործատուի մոտ գտնվում է խնամքի արձակուրդում կամ ունի ՀՀ գյուղական բնակավայրի՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ) կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ խնամքի նպաստի նշանակման համար։
2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը և երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս դեպքում ևս անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»։




Լրահոս