Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ «Ժառանգությունը», հնարավոր է, հրաժարվի ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի հետ համագործակցությունից:
Armlur.am լրատվականի թղթակիցն այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ինչը կարող է խոչընդոտել «Ժառանգությանը» հրաժարվել համագործակցությունից:
Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունն այս պահին խորհրդարանի մակարդակով է տեսնում, որն էլ ընդհանուր հայտարարն է այս գործընթացի:
Մեր հաջորդ հարցին` որն է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի վարչապետի թեկնածուն, պրն. Հովհաննիսյանի խոսքով`վարչապետ փոխելով՝ երկրի վիճակը չի փոխվելու, անհրաժեշտ է արմատական փոփոխություն, որն էլ ժողովրդի պահանջն է:
Չնայած «Ժառանգության» ղեկավարը կարծում է, որ վարչապետ փոխելը կիսամիջոց է, սակայն դեմ չեն, որ մյուս ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնեն:
«Թեև համարում ենք՝ դա խիստ ուշացած է: Հիմնականում պետք է խոսվի Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրանից հետո տեղի ունեցող խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու ունենալուն, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքով` իրենք չեն գտել ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ էլ նախարարի, և այդ հարցը քննարկված չէ խորհրդարանական մակարդակով: