Երեկ ԱԺ շենք մտած հանրապետական պատգամավորներից մեկը, միջանցքում քայլելով, հանրապետական մյուս գործընկերոջն ասաց. «Հեսա լրագրողները, Լիսկայի մասին հարցնելով, բռնաբարելու են»: Բայց, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր ուղղեց ԱԺ պատգամավորներին: Ի դեպ, զրույցները ծավալվել են ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու որոշումից առաջ:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Սյունիքի մարզպետի արարքին` հարվածել կնոջը, կին գործարարին, ինչպե՞ս եք վերաբերվում:
-Սյունիքի մարզպետը պաշտոնապես հերքել է: Մնացածն իրավապահների խնդիրն է:
-Այսինքն` ավելի հակված եք Ձեր կուսակից ընկերո՞ջը հավատալու:
-Ո՛չ, ես հակված եմ մինչեւ հստակ փաստեր չլինեն, որեւէ մեկնաբանություն չանելուն:
-Իսկ համացանցում չե՞ք տեսել արտասվող Սիլվա Համբարձումյանին, ի՞նչ եք կարծում` դերասանությո՞ւն էր անում:
-Ես բոլոր հարցերին պատասխանեցի, Վանգան չեմ` իմանամ` դերասա՞ն է, թե՞ չէ:
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Որպես կին պատգամավոր եւ նախկին գործարար` ինչպե՞ս եք վերաբերվում Սյունիքի մարզպետի` կին գործարարին հարվածելու արարքին:
-Ես անտեղյակ եմ Սյունիքի մարզպետի հետ կապված դիպվածին, անկեղծ ասած, չեմ կարողանում հավատալ ու չեմ պատկերացնում, որ նման բան կարող էր տեղի ունենալ: Ինչ վերաբերում է` կին գործարարի հանդեպ, կապ չունի, ընդհանրապես բարեկիրթ մարդկանց մեջ կնոջ նկատմամբ, իրար նկատմամբ նման բան չեմ պատկերացնում:
-Հաշվի առնելով Սուրեն Խաչատրյանի իմիջը` նման արարքը բացառո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանը կարող էր իրեն նման բան թույլ տալ:
-Ժամանակին Դուք ինքներդ էլ, կարծեմ, հանքերի հետ կապված բիզնեսներ եք ունեցել, խոչընդոտներ…
-Բոլորովին, երբեք Սուրեն Խաչատրյանի կողմից որեւէ բանի հետ կապված որեւէ խոչընդոտ չեմ ունեցել:
-Գուցե որովհետեւ հանրապետակա՞ն եք:
-Ո՛չ, որեւէ անգամ Ձեր պատկերացրածի պես պրոբլեմ չեմ ունեցել, ընդ որում, ո՛չ նրա, ո՛չ էլ մեկ այլ մարդու հետ: Դա կապված է այն բանի հետ, որ մարդն իր բոլոր քայլերը պետք է անի օրենքներին համապատասխան:
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
-Սյունիքի մարզպետի արարքին` հարվածել կնոջը, կին գործարարին, ինչպե՞ս եք վերաբերվում:
-Որ չեմ իմանում` դեպքը ոնց է եղել, ո՞նց վերաբերեմ: Կամ` ո՞նց հավատամ-չհավատամ, որ ոչ տեղյակ եմ` ինչ ա եղել: Իսկ Դուք ո՞նց եք վերաբերվում, օրինակ, Ֆրանսիայում եղած դեպքին: Որ իրար են ծեծել:
-Հիմա Ձեր առաջ դրված է թերթ, որում ներկայացված է պատմությունը:
-Այսինքն` ի՞նչ է դրված, երկու նկար… (Սիլվա Համբարձումյանի եւ Սուրեն Խաչատրյանի)
-Տակի մակագրությունները չե՞ք կարդացել:
-Ո՛չ տակի մակագրությունն եմ կարդացել, ո՛չ էլ էն մյուսը: Ուրեմն կան համապատասխան մարմիններ, իրենք կտան էդ եզրակացությունը:
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Սյունիքի մարզպետի արարքին` հարվածել կնոջը, կին գործարարին, ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ո՞վ ասեց: Թերթերն են գրել:
-Թերթերը սո՞ւտ են գրում, հորինո՞ւմ են:
-Իմ մասով հորինում են (որ Խաչիկ Մանուկյանը ներկա է եղել եւ անգամ պահել է Սյունիքի մարզպետի ձեռքերը): Ես ներկա չեմ եղել:
-Իսկ տեսականորեն ինչպե՞ս եք վերաբերվում նման արարքներին:
-Վա՜յ, ընդհանրապես նման արարքը շատ վատ արարք է, նման արարք չի կարելի անել, եթե, իհարկե, արել է:
-Հուսով եմ` ճի՞շտ եք ասում` առանց հեգնանքի:
-Իհարկե, առանց չակերտների, առանց բան, մարդկային չէ: Չեմ ասում` տղամարդկային, ասում եմ` մարդկային, կապ չունի` պաշտոնավոր, ոչ պաշտոնավոր… էդպիսի արարքը տվյալ վայրում, նշված վայրում շատ վատ ա: