Վերջին երկու տարիների ընթացում «Արմսաթ-1» արբանյակը մեծ ծավալի լուսանկարահանումներ է իրականացրել. ԲՏԱ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարծում է, որ «Արմսաթ-1» արբանյակի ձեռք բերումը Հայաստանի Հանրապետության առաջին քայլն է տիեզերական ոլորտում իր տեղն ամրագրելու, ինչպես նաև կարողություններ և գիտելիքներ հավաքագրելու առումով: Այս մասին Հայրապետյանն ասաց 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ նախագծի համար նախատեսված բյուջեի շրջանակում  Հայաստանը ոչ միայն ձեռք է բերել «Արմսաթ-1» արբանյակը, այլև կառուցվել է երկրային կայանը՝ Ground Station-ը, որը ոչ միայն ծառայում է և ծառայելու է «Արմսաթ-1»-ին, այլ ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ժամանակի ընթացքում Հայաստանը ձեռք կբերի, իսկ ապագայում նաև կկառուցի:

Հայրապետյանն ընդգծեց՝ այդ նախագծի համար նախատեսված բյուջեում են ներառված նաև արբանյակի կառավարման մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և մասնագետներին նեղ մասնագիտական գիտելիքներ փոխանցելու գործընթացները:

Նախարարը նշեց, որ «Արմսաթ-1» արբանյակը մեծ ծավալի լուսանկարահանումներ է իրականացրել վերջին երկու տարվա ընթացքում: Թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, նախարարը չմանրամասնեց:

«2024-ին մեր մասնագետները, ստանալով համապատասխան գիտելիքներ ու կարողություններ, ամբողջությամբ ստանձնեցին «Արմսաթ-1» արբանյակի կառավարումը: «Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն հասկանալու, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծրերում և ինչպես դրանք կառավարել:

«Արմսաթ-1»-ը, իհարկե, այս հնարավորությունը տվել է, բայց պարամետրերի առումով այս փուլում արբանյակը չէր կարող մոտ լինել այն պարամետրերով պրոդուկտներին, որոնք աշխարհի խոշորագույն ընկերությունները ստեղծում և վաճառում են առաջատար երկրներին»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:




Լրահոս