Վարդենիսում և՛ հիվանդանոց են կառուցում, և՛ հինն են նորոգում. 20 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու Վարդենիսի նոր հիվանդանոցը: Նախարարը անցած տարի՝ փետրվարի 28-ին, հայտարարեց, որ նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով մրցույթ կհայտարարվի: Նոր մրցույթի մասին տեղեկություններ բաց աղբյուրներում «Ժողովուրդ» օրաթերթը չգտավ:
Փոխարենը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չորեքշաբթի այցելել էր Վարդենիսի բժշկական կենտրոն, որին ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ գումար:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ըստ մարզպետի, իրականացվում են «Վարդենիսի» ԲԿ հիվանդանոցային մասնաշենքի մասնակի ներքին հարդարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ մինչև կմեկնարկի նոր բժշկական կենտրոնի կառուցումը։
Փաստորեն, նոր հիվանդանոցի կառուցումը, որը նախատեսված է Կառավարության կապիտալ ծախսերով, «ուշանում» է եւ դեռ պարզ չէ՝ երբ կսկսի կառուցվել: Իսկ նախարարը ասում էր՝ «շուտով»: Բայց միաժամանակ էլ մոտ 50 հազար դոլար է ծախսվում կոսմետիկ նորոգման համար:

Ի դեպ, նախարարը խոստացել էր նաև, որ պետք է այդ հաստատության մեջ դիահերձարան էլ կառուցվի, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվում: Առայժմ միայն հին հիվանդանոցն են «կարկատում»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս