
Ռուսաստանի իշխանությունները խստացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը, քննարկվում է միգրանտներին ստվերային մեխանիզմներով աշխատաշուկա ներգրավող ընկերությունների ղեկավարների նկատմամբ պատասխանատվություն սահմանելու հարցը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Առաջարկվում է անձնական պատասխանատվություն սահմանել այն ընկերությունների ղեկավարների համար, որոնք միգրանտներին վարձու աշխատանք են տրամադրում մեկօրյա կյանք ունեցող գրասենյակների միջոցով և ստվերային սխեմաներ են կիրառում աշխատաշուկայում»,- ասել է Մեդվեդևը։
Նա հայտարարել է նաև, որ անհրաժեշտ է հայտնաբերել այն միգրանտներին, որոնք Ռուսաստանում բնակվում են ընտանիքներով, օգտվում են սոցիալական ծառայություններից, բայց խուսափում են հարկեր վճարել պետությանը։
«Օտարեկրացիների շրջանում անհրաժեշտ է հայտնաբերել այն միգրանտներին, որոնք, աշխատելով Ռուսաստանում, այդուամենայնիվ, հարկ չեն համարում հարկեր վճարել։ Սա, ցավոք, համակարգային խնդիր է։ Նրանցից շատերը Ռուսաստանում ապրում են ընտանիքների հետ՝ հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծելով սոցիալական ծառայությունների համար՝ հատկապես խոշոր քաղաքներում, առաջին հերթին՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում։ Պարբերաբար սա դառնում է լարվածության ու կոնֆլիկտների պատճառ։ Այս իրավիճակը մեզ համար ընդհանրապես ձեռնտու չէ։ Աշխատանքային միգրանտների և նրանց գործատուների եկամուտները պետք է դուրս բերվեն ստվերից»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարելիս անհրաժեշտ է օգտվել ԱՄՆ-ի, արաբական երկրների «լավագույն փորձից»։