«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, անդրադարձավ մի քանի բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությանը, որն առավոտից շրջանառում էին իշխանամերձ լրատվամիջոցները եւ ՔՊ-ականները: Նա հայտարարեց. «Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգեւորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգեւոր առաքելության իրականացման գործում: Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները՝ հայտարարությունից բխող, ավելի մանրամասն հասկանամ»:
ՔՊ-ական մի շարք ուսապարկեր էլ սկսեցին «ողջունել» եպիսկոպոսների հայտարարությունը եւ «ավետել», թե կաթողիկոսի պաշտոնավարմանն օրեր ու ժամեր են մնացել։ Իսկ նշված հայտարարությամբ, որը ստորագրել է 9 եպիսկոպոս, եթե, իհարկե, այն կեղծ չէ, փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։ «Եպիսկոպոսները դիմել են եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին՝ սրբության սրբոց Մայր Աթոռ Սբ Էջմիածինը սրբապիղծ հոգեւորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու համար՝ խստագույնս դատապարտելով Կտրիճ Ներսիսյանի թյուր ընթացքը»,- նշված է հայտարարության մեջ։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հոգեւորականներին վերագրվող հայտարարությանը, նկատեց. «Եկեղեցին նման հրապարակային հայտարարություններ երբեք չի անում: Այդ թուղթը որ լավ ուսումնասիրեք, կնկատեք, ոնց որ Տարոն Չախոյանը գրած լինի կամ Վահագն Ալեքսանյանը, կամ նրանք երկուսը միասին, կամ էլ նրանց պես ինչ-որ մեկը: Այդ տեքստը եկեղեցական ոճով գրված տեքստ չէր, ձեւը՝ նույնպես․ ՔՊ-ականի ձեւ էր: Իմ նշած մարդիկ են դա գրել: Այն օրինական թուղթ չէր: Չի լինում այնպես, որ հայտարարությունը մի էջի վրա լինի, իսկ ստորագրությունները` մյուս: Եվ հետո՝ հայաստանյան թեմակալ առաջնորդների անունները ես չտեսա: Չտեսա Հովնան սրբազան Հակոբյանի անունը, որը Գուգարաց թեմի առաջնորդն է, չտեսա Մակար սրբազանի ստորագրությունը` Սյունիքի թեմի առաջնորդ: Նարեկ սրբազանը հայտարարեց, որ ինքն այդ հայտարարության հետ կապ չունի: Այսինքն` ստացվում է, որ թեմակալ առաջնորդների մեծ մասը չի մասնակցել այդ պրոցեսին: Մեր եկեղեցում երբեք նման հայտարարություններով հարցեր չեն լուծվել: Նույն տրամաբանությամբ` այդ չորս-հինգ հոգին կարող են հրապարակում ցանկացած մեկի մասին ինչ-որ մի բան պահանջեն, դա չի նշանակում, որ եկեղեցու պահանջ է: Ստորագրությունները պետք է ուղղված լինեն կոնկրետ կառույցի: Օրինակ` կարգապահական կառույցին, որն այդպես չէր: Եթե դա էլ են շրջանցում, կարող էին Վեհափառին ուղղել իրենց հրապարակումը: Եթե չկա Վեհափառի անունը, անկախ այն բանից, թե քանի ստորագրություն կա, այն անարժեք է: Մանավանդ որ այդ ստորագրությունների իրական լինելն էլ հիմնավոր չէ: Իսկ եթե անգամ դրանք իրական են, ինձ թվում է՝ ստորագրողներն անգամ տեքստին ծանոթ չեն եղել: Անտրամաբանական հայտարարություն է, ֆեյք էջերով տարածվող, անհիմն: Տեսանյութերի մասով էլ են կեղծում, ես վստահ եմ, որ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերն իրական չեն, դրանք սարքված են արհեստական բանականության միջոցով: Անզեն աչքով է երեւում, որ սարքված են: Անլուրջ հայտարարություններով հերթական անգամ տգետ մասսայի մոտ փորձում են Եկեղեցու նկատմամբ տրամադրվածություն ստեղծել, բայց մեր Եկեղեցին Ամենայն հայոց հայրապետի կողմից է ղեկավարվում եւ առաջնորդվում: Այս քայլերով Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները փորձում են կոպտորեն միջամտել Եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է Սահմանադրությամբ»:
Հնարավո՞ր է, որ ստորագրող հոգեւորականներին ստիպած կամ սպառնացած լինեն։ «Այո, այս իշխանություններից հեռու չէ, սակայն այս փաստաթուղթն այնքան անլուրջ է, որ անգամ նման բան չի երեւում: Անլուրջ փաստաթուղթ է, անլուրջ կերպով հրապարակված: Հերթական հերյուրանքն է, ոչ մի հիմք չկա: Վեհափառը, փառք Աստծո, կարողանում է Եկեղեցին պատշաճ կերպով առաջնորդել: Իշխանությունները լավ կանեն՝ երկրի անվտանգության մասին մտածեն, անգամ այդ հարցերում են անզոր, ուր մնաց՝ Եկեղեցու ներքին հարցերին միջամտեն: Այս ամենը մոտավորապես նման է նրան, որ ասում էին` ՀԷՑ-ում միլիոնավոր դրամների յուրացումներ են կատարվում, լիքը ապօրինություններ, սակայն ՀԷՑ-ն ազգային բարերար սեփականատիրոջ ձեռքից խլելուց հետո հայտարարեցին, որ հոսանքի սակագինը չի էժանանալու: Բա եթե միլիոնների յուրացում է արվել, ինչպես խաբում եք հանրությանը, ապա այդ միլիոններն ո՞ւր են գնալու՝ «Իմ քայլը» հիմնադրա՞մ: Նման էժանագին ոճ ունեն այս մարդիկ: Ամեն տեղ պառակտում են, ամեն տեղ լարվածություն ստեղծում, որպեսզի հերթական ապօրինությունը գործեն: Հավանաբար, նորից տարածքներ են զիջելու, այդ ֆոնին լարվածություն են ստեղծում, որպեսզի Եկեղեցին ձայն չբարձրացնի»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:






























