Ընդդիմադիր դաշտում մեռյալ վիճակ է. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցն էլ չլիներ, լրիվ անգործության կմատնվեր ընդդիմությունը: Սակայն այս հարցն էլ ընդդիմության հեղինակությունը եւ բարձրացրեց, եւ հեղինակազրկեց ոմանց: «Քառյակի» համար անհուսալի գործընկերներ դարձան ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք նոր կառավարության հետ սկսեցին նոր «դարաշրջան»:

ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են «այլընտրանքից» ընդդիմություն կերտել, միեւնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին: Մեր տեղեկություններով, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ հրահանգել է այս խմբակցության անդամներին, ավելի ստույգ, Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին՝ ոչ մի համագործակցության, փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ, որքան էլ վերջինս «օձի» լեզու թափի: Հրահանգվել է նաեւ լինել անողոք կառավարության բոլոր նախաձեռնությունների հարցում, քանի որ դրանք նույն համակարգի «ծնունդ» են: Ի դեպ, այս գործը ԱԺ արտահերթ նիստում ամենայն բծախնդրությամբ իրականացրին ՀԱԿ խմբակցության հիշյալ պատգամավորները, որոնք հստակորեն ուրվագծեցին, թե ինչ նպատակներ ունի նոր վարչապետը՝ «բարեփոխումների» անվան տակ ներկայացվող օրինագծերում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս