ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է ՌՀՄ-ից դուրս գալու մասին: Հայոց բանակի հիմնադրման եւ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակում լրջագույն դերակատարություն ունեցած գեներալի` Արա Աբրահամյանին ուղղված դիմումի մեջ մասնավորապես ասված է. «Նման որոշում կայացնելու պատճառը Ձեր կողմից իմ հասցեին հնչեցված սուտ մեղադրանքներն են»: «Երկրամաս» թերթում հրապարակված այս դիմումի համաձայն` գեներալը ԼՂՀ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել հայ ուսանողների հետ, որի ընթացքում իր կողմից արված հայտարարությունները դուր չեն եկել Արա Աբրահամյանին: Տեր-Գրիգորյանցը նշել է, որ այդ հանդիպմանը ներկա է եղել ոչ թե որպես ՌՀՄ անդամ, այլ որպես «Արեւմտահայերի ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպման ընթացքում Ն. Տեր-Գրիգորյանցը քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչի արդյունքում էլ հակասություններ են ծագել բոլոր ժամանակների իշխանամեծար Արա Աբրահամյանի հետ:
ԵՎՍ ՄԵԿԸ
aravot.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19-անց 30-ի սահմաններում, Բերդի շրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել է Հրանտ Պողոսյանը: Նա պայմանագրային զինծառայող էր, Բերդ քաղաքի բնակիչ:
15 ՄԻԼԻԱՐԴ`
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Bloomberg գործակալության տեղեկացմամբ` Ուկրաինան Ռուսաստանից խնդրել է 15 միլիարդ դոլարի վարկ: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն այս կապակցությամբ հաստատել է միայն բանակցությունների բուն փաստը` առանց մանրամասների: Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջին 5 միլիարդ դոլարը Կիեւին կարող է հատկացվել արդեն այս տարի: Կողմերը ներկայումս քննարկում են նաեւ Ուկրաինային հատկացվող ռուսական գազի գնի զեղչման հարցը: Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինան դիմել էր ԵՄ-ին` 20 միլիարդ եվրոյի պահանջով, ինչը, սակայն, մերժվել էր: Ներկայումս Ուկրաինայի պետական պարտքը կազմում է 68.8 միլիարդ դոլար:
ՆԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: ՆԺԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ` համագումարն Արամ Կարապետյանին միաձայն վերընտրել է կուսակցության նախագահ եւ ընտրել է 5 հոգուց բաղկացած վարչություն: ՆԺԿ 7-րդ համագումարը քննարկել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
ՀԱՎԱՏԱՑԻՆՔ
ՍԴՀԿ-ն, որի նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը վարչապետի օգնականի պաշտոնից հրաժարվեց բառացիորեն օրերս, երեկ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր ձախ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին օր առաջ համախմբվել եւ ստեղծել ամուր եւ միասնական միություն՝ հանուն սոցիալական արդարության եւ օլիգարխիկ համակարգի դեմ քաղաքական պայքարի: ՍԴՀԿ-ն սկսում է խորհրդակցություններ` առանց բացառության բոլոր ձախ ուժերի, այդ թվում նաեւ ձախակողմյան գաղափարախոսություն կրող անհատների հետ՝ ընդհանուր միասնական պլատֆորմ ստեղծելու համար:
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ` ԻՆՉՊԵՍ ՀԱՅԸ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը հայտարարել է, թե Էրդողանի կուսակցությունը, 200 հազար հայ բերելով, աշխատում է նրանց հող տալ։ Անդրադառնալով Դավութօղլուի երեւանյան այցին՝ նա հայտարարել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում խոսել է, ինչպես հայը։