ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարեփոխումները ցավոտ են լինում, եւ եթե ցավոտ չեն, ուրեմն դրանք բարեփոխում չեն»:

Արտեմ Ասատրյան «168 ժամ»
Սոցապնախարարը նկատի է ունեցել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կիրառման մասին կառավարության որոշումը: Այդ փաստաթուղթը, պարզվում է, բարեփոխում է, ուղղակի ցավոտ: Հետաքրքիր է՝ ինչու ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար ոչ մի անգամ իրենց իսկ որոշումները ցավոտ չեն լինում: Ի՞նչ վատ կլիներ, որ մի որոշում էլ ցավեցներ, օրինակ, սոցապնախարարին: Ինչո՞ւ պիտի միշտ հասարակությունը «ցավ քաշի»: Ստացվում է, որ կառավարությունը որոշում է, հասարակությունը ցավ է զգում, իսկ նախարարներն էլ վայելում են կյանքը ապահով Հայաստանում:

 
«Հայաստանը հայտնվել է մի ճամբարում, որտեղ պետք է կարողանա իր համար առավելություններ ապահովել… Մենք կարող ենք ստեղծել նոր տնտեսական վիճակ, նոր աշխատատեղեր եւ այլն…»:

Հրանտ Մարգարյան «Ապառաժ»
Թե որ ճամբարում է հայտնվել Հայաստանը, այլ հարց է, սակայն ՀՅԴ-ն իր հերթին ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր ճամբարներում եւ փոխում իր դիրքորոշումը: Մե՛կ իշխանական կոալիցիայում է, հետո դառնում է ընդդիմադիր, հետո էլ` «ընդդիմադիր»: Մե՛կ իշխանականների համար դալաններում ծեծ են կանխագուշակում, մե՛կ էլ պաշտոն ստանձնում: Մե՛կ իրենց անվանում են ազգայնական, հեղափոխական, կարեւորում անկախությունը, մե՛կ էլ հարմարվում ՄՄ մտնելու գաղափարին ու նույնիսկ խոսում նոր աշխատատեղերից, նոր տնտեսական վիճակից, եւ եթե այսպես գնա, մի օր իշխանությունների նման տնտեսական աճից էլ կխոսեն:

 

«Ես չեմ ճանաչում, այդ երկու կանայք կարող է լինեն հիվանդանոցում ուրիշ նպատակով, կարող է հիվանդ են, գնացել են հիվանդանոց, ես ի՞նչ իմանամ»:

Արծրուն Հովհաննիսյան «ԳԱԼԱ»
ՊՆ մամլո խոսնակը հերքել է Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի երկու աշխատակցուհիների` թանգարանի տնօրենի կողմից ծեծի ենթարկվելու փաստն այն դեպքում, երբ այդ աշխատակցուհիները վնասվածքներով բուժօգնություն էին ստանում Արմավիրի բժշկական կենտրոնում: Անհասկանալի է, թե որն է նման իրողությունը համառորեն հերքելու նպատակն այն դեպքում, երբ դրանից քիչ անց աշխատակցուհիների` ծեծի ենթարկվելու փաստը հաստատվել է ՀՀ ոստիկանության կողմից, եւ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Այսինքն՝ ՊՆ-ն, չսպասելով ոստիկանության գնահատականին, միանգամից գերադասել է հերքել:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս