Շարմազանովն ընդունել է տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունել է տարբեր երկրների առևտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:Ինչպես armlir.am-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատել է, որ թեև հինգ տարի է, որ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը, բայց միջազգային փորձը հաշվի առնելով այժմ լուրջ հիմքեր են ստեղծված այս կառույցի հետագա զարգացման ու ակտիվ գործունեության համար: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի այս գործում ներդրած ջանքերը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի խորհրդարանը այս ոլորտի օրենսդրական կարգավորման ուղղությամբ ջանք չի խնայել ու այսուհետև էլ պատրաստակամ է համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ լրամշակումներ արբիտրաժային դատարանների ինքնուրույն ու անկախ զարգացման նպատակով: Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Երևանում կազմակերպված կոնֆերանսի արդյունքներն ու Հայաստանի իշխանությունների, մասնավորապես օրենսդիր մարմնի ջանքերը արբիտրաժային դատարանների կայացման գործում: Նրանց գնահատմամբ` կոնֆերանսում կարևորվել է այս կառույցի անկախ գործունեությունը, դրա համար անհրաժեշտ իրավական նորմերի ամրագրումը համապատասխան օրենքներում, ինչը խթան կարող է լինել գործարարության ու ներդրումային քաղաքականության զարգացման համար և ոլորտում առկա վեճերի օբյեկտիվ լուծման հիմք դառնալ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք անելու այնպես, որ արբիտրաժային և պետական դատարանների միջև հարաբերությունները լինեն միջազգայնորեն ընդունված անհրաժեշտ մակարդակի վրա և չլինեն անհարկի միջամտություններ արբիտրների կայացված որոշումների վրա: 




Լրահոս