«ԻՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՏՎԵԼ ԵՄ ԲԱՆԱԿԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաբո» ջոկատի հրամանատար, առաջիկա խորհրդարանական ընտրություններին թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածություն առաջադրած Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ժողովրդի 20 տոկոսը լեշակեր է: Հիշեցնենք, որ թիվ 11 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցական Արշակ Բանուչյանը, ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, անկուսակցական Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) եւ անկուսակցական Կարեն Սմբատյանը:
-Դուք հայտարարեցիք, որ «ես ցավ չունեմ պատգամավոր դառնալու, ես առանց դրա էլ անձեռնմխելի եմ», այդ դեպքում ինչո՞ւ եք Ձեր թեկնածությունն առաջադրել, եթե մանդատը պետք չէ:
-Չգիտեմ, գիտեք: Ես եղել եմ պատգամավոր եւ ցավ ասելով` նկատի ունեմ, որ մանդատն ինձ համար ոչ թե առաջընթաց է ապահովում, այլ թույլ է տալիս, որպեսզի կարողանամ իմ կարծիքն արտահայտել մասսայականորեն, խոսեմ իմ ժողովրդի հետ, ես դա եմ նկատի ունեցել, որ մանդատն ինձ դրա համար է պետք: Ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, գնացել եմ պատերազմելու, իմ աշխատավարձը տվել եմ բանակին: Ուզում եմ հասկանաք, որ մանդատն ինձ համար գոյության միջոց չէ, ես հիմա էլ կարողանում եմ խոսել, լսելի լինել բայց ավելին եմ ուզում, ես ընդամենը դա եմ նկատի ունեցել: Ես մանդատի հետեւը չեմ թաքնվելու:
-Անցած ընտրություններից առաջ ասացիք, որ այս ժողովուրդը լեշակեր է: 5 տարի անց ի՞նչ է փոխվել ժողովրդի մեջ, որ որոշել եք նորից Ձեր թեկնածությունն առաջադրել:
-Ես ասել եմ եւ նորից եմ կրկնում, մեր ժողովրդի 20 տոկոսը լեշակեր է, ինչքան ուզում ես քեզանից արժեք ներկայացրու, նրանց պետք է պարտադիր լեշը տաս. դա վերաբերում է 20 տոկոսին: Ես դա կարող եմ ապացուցել: Մարդ, որն իր գոյությունը չկարողանա պահի, իր երեխային չկարողանա դաստիարակի, այլ ընդամենը 5-10 հազար դրամով ծախում է իր երեխայի ապագան, ապա ես ի՞նչ կարող եմ ասել այդ դեպքում: Ես նորից եմ պնդում, որ մեր ժողովրդի 20 տոկոսը լեշակեր է: Ես հայրենասեր չեմ, ես շատ հայրենասեր եմ եւ ամեն տեղ կարող եմ կրկնել, որ այո՛, ժողովուրդը լեշակեր է, դա իմ կարծիքն է: Ոչ մի փոփոխություն չի եղել այդ 20 տոկոսի մեջ, ես նրանց հետ որեւէ հույս չեմ կապում, ես իմ հույսը կապում եմ այն մասսայի հետ, որը մտածում է գլխով եւ ոչ թե ստամոքսով: Կա 60-70 տոկոս ժողովուրդ, որն ունի փայլուն մտածողություն, եւ ես կարող եմ նրանցից հայրենասիրություն պահանջել, եւ հայրենիքի համար նրանք պատրաստ են ծառայելու:
-Տեղեկություններ կան, որ Դուք Հայաստանում չէիք, գնացել էիք ՌԴ՝ աշխատելու, որպեսզի կարողանաք Ձեր երեխայի ուսման վարձը վճարել…
-Ո՛չ, ես Ռուսաստան չեմ գնացել՝ աշխատելու, ես Ռուսաստան գնում եմ նրա համար, քանի որ ես այնտեղ համշենահայ ընկերներ ունեմ, գնում եմ այնտեղ երիտասարդների հետ հանդիպելու: Սուտ տեղեկություն են դրանք: Ես հանդիպում եմ համշենահայերի հետ, հայրենասիրություն եմ քարոզում, զրուցում եմ իմ ընկերների հետ:
-Անգամ նշվում է, որ Ռուսաստանում տաքսի եք վարել:
-Չէ՛, նման բան չի եղել, տեսնում եք` ինչ սուտ տեղեկություններ են տարածում: Ուղղակի մի բան կասեմ, որ ես կգնամ այնտեղ, տաքսի կքշեմ, թե բանվորություն կանեմ, դա ոչ մեկի համար չպետք է նշանակություն ունենա: Ես տարիներ շարունակ իմ հայրենիքի համար պայքարել եմ, իմ ձեռքին միշտ զենք է եղել, դրա մասին չեն խոսում, այլ ինչ-որ բամբասանքներ են տարածում: Ես ուրիշի հացը չեմ գողացել, ուրիշի հացը չեմ կերել: Ուղղակի մարդիկ խոսում են, որ իրենց լեզուները չժանգոտի:
-Պարո՛ն Եղիազարյան, ԵԿՄ անդամները դուրս են գալիս «Երկրապահ»-ից, Ձեր կարծիքով` ո՞րն է այդ ամենի պատճառը:
-Ես ունեմ «Արաբո» հասարակական կազմակերպություն, ես երկար տարիներ է` ԵԿՄ-ի հետ չեմ շփվում եւ տեղյակ չեմ` ներսում ինչ է կատարվում, այդ իսկ պատճառով չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ: Ի՞նչ կարող եմ ասել, հնարավոր է` մի մասին շահն է հետապնդում, մի մասը վիրավորված է, շատ դժվար է այսօրվա Հայաստանում ինչ-որ մի բան անել:
-Իսկ ո՞ր քաղաքական ուժի հետ եք համագործակցում, կա՞ որեւէ ուժ, որին հավատում եք:
-Վստահորեն կարող ես գրել, որ ես որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ պայմանավորվածություն չունեմ:
-Ձեր մրցակիցներից մեկը Գրիգոր Մարգարյանն է (Բելաջիոյի Գրիշ), ով իրավաբան է, գիտի անգլերեն, ԱԺ պատգամավոր է, Դուք ի՞նչ առավելություն ունեք:
-Փառք Աստծո, ես էլ եմ լեզուների տիրապետում, գիտեմ ռուսերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն… ով ուզում է` կարող է գալ ասպարեզ, եւ մենք կարող ենք զրուցել, մենակ փող բաժանելով չէ:
-Նման բան կա՞, փաստեր հայտնաբերե՞լ եք:
-Իսկ ո՞ւր չկա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս