ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 4-ին հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Նույն օրը Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: ՀԱԿ առաջնորդը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները: Հատուկ շեշտել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:
ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍԱՆՏ
«Առավոտ»-ի տեղեկություններով` այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում ՀՀիշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին` ի դեմս նախագահի եւ կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ
Մարտի 31-ին զբաղեցրած պաշտոնից ազատված ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանին նոր պաշտոնի են նշանակել: NEWS.am-ի փոխանցմամբ` նրան նշանակել են ՊՆ Էջմիածնի կայազորի ռազմական ոստիկանության պետ:
ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին` որպես մեր եղբայր: Եւ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
ՎԻՃԵ՞Լ ԵՆ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` նախօրեին «Կաֆե Լա Բոհեմ» սրճարան-ռեստորանի դիմաց, որտեղ այս օրերին շինարարություն է իրականացվում, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի մասնակցությամբ «տղայական» վիճաբանություն է եղել: Ս. Սուքիասյանը նշված տարածքում եղել է 010 15 համարներով Bentley-ով, իսկ շինարարության պատասխանատուն` Mercedes Benz Gelewagen 77 711 մեքենայով: Վիճաբանությունը, որը վերածվել է ծեծկռտուքի, ծագել է նրանից, որ Սարիբեկ Սուքիասյանը մեքենան կանգնեցրել է շինարարության դիմաց, որի պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի: Տարածքի հսկիչն ասել է, որ մեքենան խանգարում է, որից էլ ծագել է վեճը: Ծեծկռտուք է սկսվել, որին ավելի ուշ միջամտել են շինարարության տերն ու աշխատակիցները:
ԻՐԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ
«Ոչ թե բուտիկների տերերին, այլ նրանց շեֆերին եմ դիմում. հանձինս այս երիտասարդների` ձեր դեմ կանգնած է Հայաստանի իրական վերնախավը, դուք եք մեր մեռելներին հանում ընտրությունների, սակայն ձեր դեմ դուրս կգան կենդանիները, ում կեղեքել եք, ում զրկել եք արժանապատվությունից, ում ստիպել եք լքել երկիրը, նրանց վերաբերմունքը շատ այլ կլինի, քան մերը»,-երեկ հայտարարել է Մաշտոցի այգում կրպակներն ապամոնտաժող բրիգադի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Իսկ խոստացված ապամոնտաժումը երեկ դարձյալ տեղի չի ունեցել: