ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի մասին մարդիկ գիտեն այն, որ նա ունի Արտակ անունով եղբայր, ով Վճռաբեկ դատարանի դատավոր է եւ ամեն կերպ աջակցում է եղբորը ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ տարաբնույթ ապօրինություններ գործելիս: Մասնավորաբար, դեռ 1 տարի առաջ Վեդիի բնակիչների շրջանում բուռն խոսակցություններ ծավալվեցին այն մասին, որ եղբայրներով կամենում են խլել Վեդիի բնակիչ Մարիամ Արթենյանի զբաղեցրած տարածքը եւ իրենց նպատակի իրագործման համար ամեն ինչ արել են, որպեսզի բնակչուհին հայտնվի դժվարին կացության մեջ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աջակցությամբ վեճ են հրահրել Արթենյանի որդու եւ մեկ այլ բնակչի միջեւ, ծեծի ենթարկել Սրապիոն Արթենյանին, իսկ հետո արդեն «փառապանծ ոստիկանապետի» հրահանգով կալանքի վերցրել ինչպես Մարիամ Արթենյանի որդուն, այնպես էլ նրա հորը:
Մ. Արթենյանը պատմել էր, որ մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը կանչել է տվել Ռազմիկ Արթենյանին եւ վկաներից մեկին Սեւան Քոչարյանի աշխատասենյակ, մի քանի մարդկանց ներկայությամբ ասել. «Ցեղդ վառելու եմ` մեծից մինչեւ փոքր», իսկ Սեւան Քոչարյանին էլ հրամայել` հավաքել տղաներին, որ ցուցմունք տան, որպեսզի ոչ միայն համակարգից ազատեն ամուսնուն եւ որդուն, այլեւ դատեն: Դրանից հետո էլ պաշտոնանկ է արվել Մարիամ Արթենյանի ամուսին Ռազմիկ Արթենյանը, ով ոստիկանության փոխգնդապետ էր: Ահա այսպես` Բարսեղյանների հրահանգով ոստիկանության փառապանծ ներկայացուցիչները  վրեժխնդիր եղան այն բանի համար, որ Մարիամ Արթենյանը չի կամենում իր տարածքը «նվիրաբերել» քաղաքապետին: Բանն այն է, որ Արթենյանների ընտանիքին հայտնի էր դարձել, որ քաղաքապետը գաղտնի իրենց տարածքից որոշ հատվածներ է ապօրինաբար վաճառել, ուստի նրանք դիմել էին դատարան, շահել դատը եւ բացահայտել Բարսեղյանի գործած ապօրինությունները: Քաղաքապետն էլ որոշել էր «կուլ չտալ» դառը հաբը: Երեւի նրան թվացել է, որ ինքը ոչ թե ընտրովի մարմնի ղեկավար է, այլ քաղաքի սեփականատերը: Դե, ինչպես կարող է նա իրեն սեփականատեր չզգալ, երբ անընդհատ ընտրվում է համայնքապետի պաշտոնում` թույլ չտալով, որ Վեդիում իսկական  ընտրություններ տեղի ունենան:
Մոտ 1 տարի առաջ Վեդիի մի խումբ բնակիչներ դիմել էին լրատվամիջոցներին` բողոքելով թիվ 2 մանկապարտեզի տնօրենի հակաօրինական գործողություններից եւ այն փաստից, որ մանկապարտեզի տնօրենի գործողություններն ուսումնասիրելու փոխարեն` իրավապահները սկսել են հետապնդում իրականացնել նրանց հանդեպ, ովքեր բողոքել են: Ինչպես վեդիցիներն էին հայտնել, այս տնօրինուհին գտնվում էր քաղաքապետի անմիջական հովանու ներքո, հենց Վարուժան Բարսեղյանն էր աջակցում նրան եւ «թեւ տալիս»: Փոքրիկ քաղաքում ամեն ինչ տեսանելի է մարդկանց, տեսանելի են նաեւ քաղաքապետի գործողությունները:
Իսկ ո՞վ է 1999թ.-ից Վեդին ղեկավարող Վարուժան Բարսեղյանը: Նրա կենսագրության մեջ գրված է, որ 1979-1984թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Թե կոնկրետ որ ֆակուլտետում, նշված չէ, սակայն դատելով այն բանից, որ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վեդիի թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, կարելի է ենթադրել, որ ունի պատմաբանի որակավորում: Ինչպես մի շարք համայնքապետեր, Վեդիի քաղաքապետը եւս բանակում չի ծառայել: 3 տարի ուսուցչի պարտականությունները կատարելուց հետո նշանակվել է թիվ 2 դպրոցի կազմակերպիչ` արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1995թ. նշանակվել է ավանային խորհրդի նախագահի տեղակալ եւ պաշտոնավարել ընդամենը 1 տարի, քանի որ 1996-ից մեր երկրում լուծարվեցին քաղաքային եւ ավանային խորհուրդները: Գրեթե 1 տարի չաշխատելով որեւէ կառույցում` 1997-ին նշանակվել է քաղաքապետի տեղակալ եւ այս պաշտոնում մնացել մոտ 2 տարի: Իսկ 1999թ. հունվարից մինչեւ նույն տարվա նոյեմբերը եղել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ մարզային ստորաբաժանման պետ: Նշենք նաեւ, որ 1998-2000թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի համալսարանի Երեւանի մասնաճյուղի իրավագիտության բաժնում:
Ոչ շատ հարուստ աշխատանքային կենսագրությունը հարստացրել է սկանդալային պատմություններով, համաքաղաքացիների բազմաթիվ բողոքներով: Քաղաքապետն, իհարկե, այդ բողոքները բանի տեղ չի դնում, որովհետեւ մինչեւ վերջերս գտնվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանու ներքո, ով հիմա էլ նրան հեռվից հեռու հովանավորում է:  Դա  ուժ եւ եռանդ է հաղորդում քաղաքապետին, ով մտադիր է 2012-ի ՏԻՄ ընտրություններում եւս առաջադրվել եւ պահպանել իր պաշտոնը: Վեդիի բնակիչները հաճախ են բարձրաձայնել, որ քաղաքապետն իր նախընտրական խոստումները չի կատարում, բայց դա, խոշոր հաշվով, ո՞ւմ է հետաքրքրում, մանավանդ որ այս քաղաքապետն էլ Հանրապետական կուսակցության անդամ է եւ մեծ ախորժակ ունի: Վեդին մեծ քաղաք չէ, չկան հսկայական ֆինանսական հոսքեր, սակայն կան տարածքներ, որոնք վաճառվում են, «նվիրաբերվում»: Դե, դա էլ մի բիզնես է, որից անմասն չէ քաղաքապետը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս