ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ Շիրակի մարզում, 2007թ. համեմատությամբ, ընտրողների զգալի աճ է արձանագրվել` շուրջ 13.600 հոգի: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք, որ դեռեւս բողոք-դժգոհություններ չեն ստացել այն մասին, որ ցուցակներում կեղծ տվյալներ  կամ մահացած մարդկանց անուններ են գրված: Սակայն միեւնույն ժամանակ բոլորի համար էլ հասկանալի է, որ ընտրողների թիվը չէր կարող ավելանալ Հայաստանի ամենաաղքատ  մարզում,  որտեղից մարդիկ ամենաշատն  են հեռանում:
Փորձեցինք ճշտել, թե իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերի տեղի ներկայացուցիչները ցուցակներում առկա հնարավոր անճշտությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ արդյոք տանում են: Թակեցինք ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դռները, եւ պարզվեց, որ վերոհիշյալ ուժերի մարզային գրասենյակներից ոչ մեկը չի կարող կոնկրետ փաստեր ներկայացնել այն մասին, որ ցուցակներում անճշտություններ կան` չնայած այն հանգամանքին, որ նախնական ցուցակներն արդեն 8 օր է` փակցված են: ՀԱԿ Գյումրու գրասենյակի համակարգող Գագիկ Վահրադյանը միայն փոխանցեց, որ ցուցակների ուսումնասիրությունը սկսել են: 2-րդ օրն է` զբաղված են այդ գործով, սակայն դեռեւս մահացած կամ բացակա մարդկանց անուններ չեն հայտնաբերել. «Յուրաքանչյուր տեղամասից մեր թիմը վերցրել է օրինակներ, եւ մեկ առ մեկ ստուգումներ ենք կատարում: Որքան հնարավոր է, աշխատելու ենք բացահայտել կեղծիքները եւ ցուցակներից դուրս բերել»:
ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների տեղի գրասենյակների ներկայացուցիչները թեեւ կարեւորում են գործընթացը, սակայն զարմանալիորեն քայլեր չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: «Ազատ դեմոկրատներ»-ի տեղի պատասխանատու Արթուր Պողոսյանի վստահեցմամբ` իրենք մտածում են, որ շուտով հատուկ խումբ են ձեւավորելու, որը կզբաղվի այդ պատասխանատու գործով, իսկ դաշնակցական Գեւորգ Ալեքյանի փոխանցմամբ` իրենց կուսակցությունը եւս համակարծիք է, որ ցուցակները մաքրել է պետք: «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով էլ` առավել մեծ դեր ունեն շարքային քաղաքացիները,  որոնք իրենց ակտիվությամբ պետք է օգնեն կուսակցություններին, ստուգեն իրենց անունները եւ թերություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնեն համապատասխան մարմիններին: «Այդ աշխատանքն էֆեկտիվ չէ, քանի դեռ բնակչությունը մեզ չի օգնում: Կարեւոր է, որ բնակչությունը մեզ օգնի: Մենք խմբեր ունենք, որոնք պտտվում են մարզում, քաղաքում, հանրապետությունում, որոնք փորձում են ճշգրտումներ իրականացնել»,-նշեց  «Ժառանգության» պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը:
Ի դեպ, այս օրերին Գյումրիում են ԵԱՀԿ դիտորդական խմբի ներկայացուցիչները, նրանք շեշտեցին, որ ազատ ընտրական գործընթաց կազմակերպելու առումով ընտրացուցակները կարեւորագույն գործոն են: Փոխանցեցին, որ իրենք եւս հետեւելու են այն աշխատանքներին, որոնք իրականացնելու են ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունները` ընտրացուցակներում առկա թերությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս