Ապրիլի 3-ին Իջեւանում նորից ավագանու նիստ էր հրավիրված, եւ հերթական անգամ այն չկայացավ: Ակնկալիքներ կային, որ այս նիստին քվորում կապահովվեր, քանի որ ազատազրկման վայրում գտնվող ավագանու անդամ Հովիկ Խեչյանն արդեն ազատության մեջ է: Վերջինս ներկայացել էր նիստին, սակայն անհրաժեշտ քվորում նորից չապահովվեց. նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու 7 անդամները շարունակում են առանց հիմնավոր պատճառաբանության բոյկոտել նիստերը: Տպավորություն է, որ վերջիններս ավագանու մանդատը Վ. Ներսիսյանից են ստացել եւ ոչ թե իրենց ընտրողներից: Այս պայմաններում «չմիջամտելու» իր քաղաքականությունն է շարունակում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նիստերը բոյկոտող ավագանու անդամներից ոմանք ի պաշտոնե մարզպետի ենթական են, ոմանք էլ ընդհանուր գործեր ունեն նրա հետ: Սակայն ավագանու նիստերի չկայանալը, քաղաքի այս տարվա բյուջեի չընդունումը մեծ չափով չեն ազդում Տավուշի մարզկենտրոնի բնականոն կյանքի վրա: Քաղաքում շարունակվում են կանաչապատման, սանիտարական մաքրման եւ ծառերի էտման աշխատանքները: ՏԻՄ օրենքի համաձայն, եթե համայնքի բյուջեն չի ընդունվում, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: «Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոն»-ի տնօրեն Վահագն Թամրազյանը քաղաքում իրականացվող աշխատանքների մասին ասում է. «Սա նշանակում է, որ անցած տարի նույնպես նման աշխատանքներ են նախատեսված եղել, բայց անցած տարի, եթե հիշողությունս չի դավաճանում, այդպիսի աշխատանքներ չեն կատարվել»:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ