ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆ ՈՒ ՆԻՀԱՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԼԱ ՏԱՐՈՒՆՑԻ բացակայությունը  քաղաքից տարատեսակ խոսակցությունների առիթ տվեց: Մե՛կ ասվեց, որ երգչուհին ամուսնանում է, մե՛կ` որ աշխատանքային հրավերով է մեկնել, բայց ինչպես Էլլան ասաց «Ժողովուրդ» օրաթերթին, ընդամենը մի քանի ամսով գնացել էր Բրյուսել` ազգականներին տեսնելու եւ հանգստանալու:
-Ձեր բացակայության մասին խոսում էին, որ Ձեր փեսացուն դրսից է, դրա համար էլ մեկնել եք նրա մոտ:
-Փեսացու չունեմ, բայց նաեւ այլ սկզբունք ունեմ, որ ես չեմ գնում փեսացուի մոտ, ինքն է գալիս: Մի քանի օր է, ինչ եկել եմ Հայաստան, հասցրել եմ գնալ Սիսիան, տեսնել որդուս, դեռ ոչ մի գրաֆիկ չեմ կազմել, բայց հավանաբար աշխատանքս կվերսկսեմ:
-Իսկ այն, որ Բրյուսելից աշխատանքային հրավեր եք ստացել եւ դրա համար լքել Հայաստանն ու մեկնել, որքանո՞վ է իրական:
-Ես Հայաստանը երբեւիցե չեմ լքի` անկախ նրանից, թե քանի ամիս, որ երկրում կգտնվեմ: Գնացել էի պարզապես հանգստանալու մամայիս, քրոջս ու եղբորս մոտ: Նրանք բոլորն ապրում են Եվրոպայում: Ու նաեւ ներկա եղա հայտնի աստղերի շատ լավ համերգային սեզոնին` Շադե, «Փուսի քեթ դոլս» խմբի Նիկոլ եւ այլն: Հաճախ եմ այս տեսակ բաներ անում: Ինձ պրոֆեսիոնալ առումով հետաքրքիր է տեսնել այդպիսի համերգներ ու հասկանալ` այդ ինչ են անում նրանք, որ մենք չենք կարողանում:
-Շատերը հեռանում են Հայաստանից, իսկ Դուք վստահ պնդում եք, որ ինչ էլ լինի, չեք գնա: Այստեղ այնքան լավ ու ապահով եք ապրում, որ այլ տեղ ապրելու միտքը բացառո՞ւմ եք: Ի՞նչն է Ձեզ այստեղ պահում:
-Եթե ես ունենամ աշխատելու լավ պայմանագիր, միգուցե նաեւ կգնամ, սակայն կրկին հետ գալու նպատակով: Բայց եթե պետք է կրկին ակումբներում աշխատեմ,  էլ ի՞նչ իմաստ ունի դուրս գնալը, այստեղ էլ եմ վաստակում: Այս տարիների ընթացքում այնքան եմ չարչարվել ու այստեղ ինչ-որ բան արդեն արել, հիմա էլ չեմ ուզում գնալ ու այնտեղ չարչարվել: Ի վերջո, 20 տարեկան չեմ: Իմ երազանքներն իմ համար ավելի կարեւոր չեն, քան իրականությունը, որի հետ ես արդեն առնչվել եմ այս տարիների ընթացքում: Իսկ եթե այդ տեսակ բան անելու լինեի, պետք է 17 տարեկանում որոշեի ու անեի: Այստեղ էլ ինձ համար չկա մրցակցության խնդիր` լինել առաջինը կամ երկրորդը, ես ստեղծագործում եմ, ապրում եմ ինձ համար: Իսկ ազգականներս արդեն 17 տարի է` ապրում են այնտեղ, եւ քանի որ իրենք շատ են, տարվա ընթացքում մեկ-մեկ են գալիս, կարոտս չեմ կարողանում առնել, դրա համար էլ այս անգամ ես գնացի, որ բոլորին միանգամից տեսնեմ:
-Չե՞ն համոզում իրենց մոտ տեղափոխվել:
-Ավելին ասեմ, մերոնք փող են փոխանցում, որ ես այստեղ իրենց համար տուն առնեմ, ոչ Երեւանում, այլ Հրազդան քաղաքում, որտեղ ծնվել են: Էնտեղ բավականին կայացած են, բայց միեւնույն է, ուզում են էստեղ ապրել:
-Ունե՞ք Ձեր ստաբիլ աշխատանքը, որով գումար եք վաստակում, թե՞ դա կախված է միջոցառումների քանակից:
-Միջոցառումներով այսօր շատ քիչ են փող վաստակում, ավելի հաճախ ինձ մոտ  կորպորատիվ երեկույթներ են լինում: Վերջին ժամանակաշրջանում աշխատում էի 3 տեղ` 2 գիշերային ակումբում եւ մի խաղատանը, որտեղից վաստակում էի բավականին լուրջ գումար: Չեմ դժգոհում ո՛չ աշխատանքիս, ո՛չ էլ վաստակածիս համար: Զարմանում եմ` ինչու են այդպես բացասաբար ընդունում այդ ամեն ինչը: Եթե մի տեղ կա «բրավո» ու ծափ ու նաեւ ֆինանս, վա՞տ է: Ավելի վատ բաներ կան, որոնց մասին մենք չենք խոսում երբեք:
Ես ինքս երբեք կոմերցիայի վրա չեմ աշխատել, բայց հիմա մի քանի կոմերցիոն երգ եմ գրել, որոնք բավականին հաջողություն ունեցան: Ուղղակի ուզում եմ, որ մարդկանց իմ երգը հոգեհարազատ լինի, իսկ դա կոմերցիա չէ: Եթե կոմերցիայի վրա աշխատեի, շատ երգիչների պես կվերցնեի հունական ու թուրքական մեղեդիները, անհասկանալի բառեր կգրեի, տեսահոլովակ կնկարեի ու դուրս կգայի եթեր: Բայց իմ երգերը տարբեր ժամանակների իմ հոգեվիճակներն են:
-Ձեր կոլեգաները նույնպե՞ս կատարում են Ձեր հեղինակային երգերը, թե՞ դրանք գրվում են միայն Ձեզ համար:
-Մի քանի երգչի տվել եմ, բայց չեմ վաճառել: Վաճառել եմ երկու անգամ, այն էլ ոչ Հայաստանում: Դրանք սաունդթրեքներ են եղել Հյուսիսային Եվրոպայի համար:
-Վերջին ժամանակահատվածում նաեւ շատ նիհարել, գեղեցկացել եք:
-Իսկ ես ե՞րբ եմ տգեղ եղել: Չաղանալը տգեղությո՞ւն է:
-Պարզապես շատ թարմացել ու երիտասարդացել եք:
-Մինչեւ 37 տարեկան բավականին նիհար եմ եղել, որից հետո ունեցել եմ առողջական խնդիր, հորմոնալ դեղեր էի խմում, ինչի հետեւանքով էլ չաղացել էի: Բայց հիմա բուժվել եմ, խնդիրներ չունեմ: Ինձ բուժեց Սարգիս անունով մի տղա, ում հետ հիմա արդեն լավ ընկերներ ենք:
Դադարեցի խմել այդ դեղերն ու սկսեցի ակտիվ մարզվել ու չչարաշահել խմորային բաները: Նիհարեցի 38 կգ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս