ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ` ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանը Գյումրիում էր:  Ի տարբերություն նրա նախորդ այցերի` այս անգամ նրան դիմավորելու համար կազմվել էր հատուկ «մասսովկա»` բաղկացած ոչ թե հասարակ գյումրեցիներից, այլեւ մանկավարժներից, դպրոցների տնօրեններից եւ մանկապարտեզների դաստիարակներից:  «Բոլոր դպրոցների ուսուցիչներն էլ եկել են: Առաջին հերթին պարտավոր էի ներկա լինելու, երկրորդ հերթին էլ հրավիրված անձ եմ»,-նշեց մանկավարժներից մեկը: Զավեշտալին այն էր, որ այս մարդկանց ցուցակագրել էին. կարդում էին հրավիրյալի անուն-ազգանունը, եւ վերջինս մտնում էր շինհրապարակ: Պարզ ասած` անցանկալիներ չկային: Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանին դիմեց հիացական խոսքերով. «Ողջունում ենք Ձեր այցը, շատ ուրախ ենք անձամբ հանդիպելու Ձեզ հետ եւ ոչ մի ջանք ու եռանդ հաստատ չենք խնայի, որ առաջիկա ընտրություններն անցնեն թափանցիկ եւ արդար»: Եւ սա այն դեպքում, երբ պետական այրերը խոսում են այն մասին, որ կրթական ոլորտը մեր երկրում պետք է հեռու լինի քաղաքականությունից:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանին ուղեկցում էին փոխվարչապետը, առողջապահության եւ քաղաքաշինության նախարարները, փոխնախարարներ: Պատվիրակությունը ծանոթացավ Ախուրյանում ընթացող բնակարանաշինական ծրագրին, այնուհետեւ եղավ Մուշ-2 եւ Անի թաղամասերում: Անօթեւան մնացած մյուս ընտանիքները, որոնք այս տարի բնակարան չեն ստանա, պետք է սպասեն բնակարանաշինության նոր ծրագրի մեկնարկին եւ ավարտին: Գյումրիում եւ մարզի 9 համայնքներում բնակարանաշինության նոր ծրագրի մասին խոսեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը. «Մոտ 400 բնակարանի խնդիր ունենք: Անկեղծ ասած, մենք զրուցեցինք բնակիչների հետ: Ունեինք երկու տարբերակ` նոր բնակարանային շինարարություն եւ ԲԳՎ, բայց մեր մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ գյումրեցիների մեծամասնությունը նախընտրում է նոր բնակարաններ ձեռք բերել»:
Պատվիրակությունը եղավ նաեւ Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցում: «Նախագահը հանձնարարեց, որ մայիսի վերջին հիվանդանոցը շահագործման հանձնվի»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Հարություն Քուշկյանը:  
Ինչպես արդեն նշեցինք, բոլոր տեղերում համապատասխան «մասսովկան» ապահովված էր, եւ երբեմն շարքերի միջից «ռեպլիկներ» էին հնչում. «Տեսե~ք՝ ինչ շինարարություն է», «Գյումրին ծաղկում է, պարո՛ն նախագահ», «Մեր խորին շնորհակալությունները Ձեզ», «Կեցցե՛ Հանրապետական կուսակցությունը»: Եւ այս ամենը` մանկավարժների «ձեռամբ»: Նրանց որեւէ մեկը չփորձեց էլ հուշել, որ հարկավոր չէ Գյումրիում տեղի ունեցող շինարարությունը վերածել նախընտրական քարոզարշավի, որ միջոցները, որոնք ուղղվել են շինարարությանը, պետական բյուջեից են, այլ ոչ թե ՀՀԿ ֆոնդից:  
Հավելենք, որ Շիրակի մարզպետարանում նախագահի այցի օրը տեղի ունեցավ նաեւ փակ խորհրդակցություն, որին մասնակցեցին տեղական ու մարզային իշխանությունները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս