ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄԵԾ ԲԼԵՖԸ

ՀՀ իշխանությունները փորձում են ամեն գնով փակել «գազի թեման»: Իսկ պատճառը մեկն է. այս ոլորտում բացահայտումները կարող են լուրջ հիմք դառնալ ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլեւ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համար:
Ազգային ժողովի վերջին քառօրյայի ժամանակ ՀՀԿ-ն մերժեց ՀՀ գազամատակարարման ոլորտում պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնությունը: Սակայն այդ քվեարկությունից մեկ օր անց` փետրվարի 5-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անակնկալ հայտարարություն արեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար` ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: Սակայն պարզվում է, որ Աբրահամյանն ամենեւին էլ մտադիր չէ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պարզաբանեցին. «ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկելու հարցը, այդ թվում նաեւ քննարկման ձեւաչափը»:
Նկատենք, որ ԱԺ նիստում Աբրահամյանն այնպիսի բառերով է կառուցել միտքը, որ դժվար է միանշանակ հասկանալ, թե ինքն ինչ էր ուզում ասել: Բայց մի բան պարզ է` անգամ Հ. Աբրահամյանն է ընդունում, որ գազամատակարարման, գազի գնի ձեւավորման ու պարտքի կուտակման առումով լուրջ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է քննարկվեն: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ իրականում փորձելու է ծածկադմփոց անել այս հարցը: Նույնիսկ կարելի է կռահել առաջիկա գործողությունների հաջորդականությունը. Հ. Աբրահամյանն իր մոտ հրավիրելու է հերթական խորհրդակցությունը, փորձելու է ոչ կոալիցիոն ուժերին համոզել, որ ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն, այլ բավարարվեն խորհրդարանական լսումներով, 4 խմբակցությունները, բնականաբար, մերժելու են նման իմիտացիոն առաջարկը, եւ թեման այսպիսով կհամարվի փակված:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հ. Աբրահամյանի հայտարարությունները որակեց բլեֆ: Սակայն, մյուս կողմից, Մանուկյանը նշեց, որ եթե իշխանությունները որոշեն օրակարգում ներառել այն հարցերը, որ ներկայացված էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծում, մասնավորապես պետական պարտքի գոյացման, գազի սակագնի ձեւավորման բացահայտումը, ապա իրենք որեւէ խնդիր չեն տեսնում. «Մեզ բովանդակությունն է հետաքրքիր, թող բացահայտեն գաղտնիքները: Սովորական քաղաքացուն հետաքրքիր է` ինչու է ինքը գազը գնում 400 դոլարով, եթե ՀՀ սահմանին այն վաճառվում է կրկնակի էժան: Սովորական քաղաքացուն հետաքրքիր է` այդ ինչպես եղավ, որ ինքը պարտաճանաչ վճարել է գազի դիմաց, բայց 300 մլն դոլարի պարտք է կուտակվել»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե ԲՀԿ-ն իր կարծիքը կհայտնի այն բանից հետո, երբ իշխանությունները հստակ ներկայացնեն, թե խորհրդարանում ինչ ձեւաչափով են պատրաստվում քննարկել գազային պատմությունը: «Մեկ բան հստակ է` սա այն խնդիրը չէ, որ պետք է բավարարվել խորհրդարանական լսումներով կամ հանձնաժողովում հարցը քննարկելով: Պետք է լինի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, ընդ որում, պետք է հստակ լինեն նաեւ այդ հանձնաժողովի օրակարգը, նրա առաջ դրված խնդիրները: Իսկ այդ խնդիրները պետք է տան երեք հիմնարար հարցի պատասխան. որտեղի՞ց անսպասելիորեն հայտնվեց 300 մլն դոլարի պարտքը, ի՞նչն է սահմանին վաճառվող ու սպառողին հասնող գնի հսկայական տարբերության պատճառը, եւ ինչո՞ւ կնքվեց հայտնի պայմանագիրը, որը մինչեւ 2043թ. ՀՀ-ն դարձնելու է գազային մի ընկերության պատանդ»,-ասաց տիկին Զոհրաբյանը` վստահեցնելով, որ իրենց համար կարեւորն արդյունքն ու բովանդակային լուրջ քննարկումներն են, հակառակ դեպքում ԲՀԿ-ն չի մասնակցի որեւէ իմիտացիոն գործընթացի: Ըստ նրա՝ ԱԺ-ն որեւէ հրատապ հարց քննարկելու համար ունի հստակ գործիք` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը. «Սա համարում եմ ամենահրատապ հարցերից մեկը, եւ անհասկանալի է` ինչու չօգտվել ԱԺ-ի այդ կարեւորագույն գործիքից»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանը ծառայողական օգտագործման «TOYOTA-LAND GRUISER 150 2.7 GAS» մակնիշի մարդատար ավտոմեքենայի դիմապակու եւ հետեւի տեսանելիության ապակու տեղադրման ծառայությունների մատուցման համար վճարել է 600.000 դրամ: Սա, իհարկե, կարելի է նորմալ համարել, հատկապես որ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ն: Փաստորեն, Արարատի նորաթուխ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է, որոշել է հետ չմնալ Հայաստանի մյուս պաշտոնյաներից եւ ՀՀ բյուջեի հաշվին այդպիսի ծախսեր է անում:

 

ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհեցին, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: «Ես նման ահազանգ չեմ ստացել: Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, որ աշխատավարձ վճարելու պրոբլեմ ունենան: Հնարավոր է՝ ինչ-որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, դե տարեվերջ էր, հիմա էլ` տարվա բյուջետային սկիզբ, բյուջեի նոր հաստատում: Վերջին հաշվով էլ օրենքով սահմանված կարգով հունվարի աշխատավարձը տնօրենն իրավունք ունի վճարելու մինչեւ փետրվարի 20-ը: Այս անգամ ձգձգվել է, բայց հաստատ խնդիր չկա: Եթե խնդիր լիներ, ես կիմանայի»,-ասաց քաղաքապետը:

 

ԴԵՌ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Դադարեցված գազամատակարարման պատճառով արդեն հինգ օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը չի աշխատում: Այս պահին գործարանի տնօրենը՝ Սերժիկ Մոսեսյանը, նյութեր է նախապատրաստում, որպեսզի դատական հայց ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ամիսներ առաջ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են: Ի դեպ, գործարանի տնօրենը մտադիր է չվճարել այնքան ժամանակ, մինչեւ նորմալ չհաշվեն սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը: «Եվ Աստված գիտի, թե երբ կկարողանանք նոր արտադրանք տալ: Այսօր ես այս հարցով գնալու եմ նախագահի աշխատակազմ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-տեղեկացրեց գործարանի տնօրենը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԳԱՂՏՆԱԼՍԵ՞Լ ԵՆ

Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա իրականացնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ: Նրանցից Արեգ Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը, «Ազատությանը» փոխանցել է, որ երիտասարդ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել որեւէ բան փակցնել կամ որեւէ կոնկրետ գործողություն անել իրազեկման հետ կապված: «Այն, թե ինչ էինք պատրաստվում անել կամ որտեղ, ոստիկանները կարող էին իմանալ բացառապես գաղտնալսումների արդյունքում»,-համոզված է Գեւորգյանը: Բերման ենթարկվելուց ուղիղ երեք ժամ հետո ակտիվիստներն ազատ են արձակվել:

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Օրերս Սյունիքի մարզկենտրոն Կապանում ստորագրահավաք է սկսվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Բանն այն է, որ նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանը, ինչպես նաեւ Արմեն Հովհաննիսյանն ու Ալեք Պողոսյանը ծնունդով Կապանից են:

 

ԵՄ-Ն ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է

Երեկ Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի պաշտոնական հանդիպումը: Հրիսթեան նշել է, որ ԵՄ-ն արժեւորում է վերջին վեց տարիների ՎՊ անցած ուղին, եւ իրենք պատրաստ են խորացնելու ՎՊ-ի հետ համագործակցությունը:

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ

Ադրբեջանը խախտել է «օլիմպիական հրադադարի» ռեժիմը: Երեկ՝ գիշերը, տարբեր ուղղություններով՝ թե՛ Տավուշի մարզ, թե՛ Արցախ, կրակոցներ են հնչել: Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Երեկ՝ գիշեր, 50 կրակոց է եղել, հիմնականում գիշերներն են կրակում, ու անկանոն կրակոցներ են հնչում: Մենք չենք պատասխանում, չենք կրակում: Եթե թիրախային կրակեն, մենք անպայման կպատասխանենք»:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է

Շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանըկառավարության մի քանի անդամների մասնակցությամբ հանդիպել է հանրապետության տարբեր բուհերի դասախոսներին ու գիտաշխատողներին` նրանց հետ քննարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրական ու բացասական կողմերը: «Սկզբում վարչապետը գիտեր, թե բոլորը ՀՀԿ-ական էին, բայց հետո պարզվեց, որ այդպես չէ: Գլխավոր թեման կուտակային համակարգի մասին էր, թե ինչ դրական կողմեր ունի: Երեւի թե վարչապետը շատ զարմացավ, որ բավական ակտիվ անցավ քննարկումը»,-Aravot.am-ին ասել է այդ հանդիպման մասնակիցներից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Գագիկ Համբարյանը:




Լրահոս