ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Հունվարի 25-ին Վանաձորում կայացել է Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ընտրվել է կուսակցության ատենապետ: Նշենք, որ համագումարի ժամանակ Լ. Սարգսյանը հայտարարել է, թե ՍԴՀԿ պառակտման մեղավորները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանն են:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն անցած տարվա նոյեմբերին մերժել էր Լ. Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ նախկին ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի: Այդ հայցով Լ. Սարգսյանը պահանջում էր չեղյալ համարել այն որոշումը, ըստ որի՝ ՍԴՀԿ 8-րդ համագումարի ժամանակ ատենապետ էր ընտրվել Գ. Պերկուպերկյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Լ. Սարգսյանի հիմնած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը գրանցման հետ կապված խնդիր ունի: Մեր տեղեկություններով` պետռեգիստրը կուսակցությունը չի գրանցում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լ. Սարգսյանի հետ:
-Տիկի՛ն Սարգսյան, օրերս Դուք Վանաձորում համագումար էիք հրավիրել, որից հետո պետք է Ձեր կողմից ստեղծվելիք կուսակցությունը գրանցեիք: Այժմ աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:
-Կուսակցությունը գրանցման փուլում է գտնվում: Համագումարն արեցինք, 11-հոգանոց վարչություն ընտրեցինք: Մեր մարզային կառույցների ներկայացուցիչներն էին այնտեղ: Ստեղծվեց վարչություն, եւ ընտրվեց ատենապետ: Վարչության անդամները հիմնականում մեր նախկին անդամներն են: Կուսակցության փոխատենապետ է դարձել Գարիկ Մանուկյանը, ատենադպիր է ընտրվել Մհեր Ավետիսյանը, իսկ գանձապահ՝ Նուբար Բեյլերյանը:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մինչեւ այժմ կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ:
-Չեմ կարող ոչինչ ասել, հուսով եմ՝ որեւէ խնդիր չի առաջանալու, քանի որ մենք արդեն համագումարով ամրագրել ենք, գաղափարախոսությունը նույնն է, հիմքերը պատմական` եւս: Հին հիմքերի վրա նոր կուսակցություն է հին կազմով:
-Տեղեկություններ կան, որ Ձեր կուսակցությունը չեն ցանկանում գրանցել, ու Դուք այժմ լուրջ խնդիրների առաջ եք կանգնել: Իրականում նման տրամադրվածություն կա՞ Ձեր կուսակցության հանդեպ:
-Եթե տրամադրվածություն չլիներ, ես ինձ ընդդիմություն չէի համարի: Ես կարծում եմ, որ իրավական ոչ մի հիմք չունեն՝ կուսակցությունը չգրանցելու, եթե նման բան լինի, մենք էլ ունենք մեր քայլերը, որոնք կփորձենք անել:
-Իսկ Դուք արդեն պետռեգիստր ներկայացրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է գրանցեն կուսակցությունը:
-Ամեն ինչ պատրաստ է, ուղղակի այնտեղ մի քանի բլանկային բաներ պետք է լրացնենք՝ վարչության տվյալներով, անձնագրերով, ստորագրություններով, որը մենք նախօրոք չէինք պատրաստել, հետո որ գնացի, պարզվեց, որ դա եւս պետք է ներկայացվի: Մենք շաբաթ օրը վարչության նիստ գումարեցինք, որպեսզի վարչության անդամները ներկա լինեն, ու այդ բոլոր տվյալները հավաքեցինք: Մեկ-երկու օրվա ընթացքում կներկայացնենք պետռեգիստր: Մենք, ըստ էության, վերականգնում ենք հնչակյան լինելու մեր իրավունքը, որը ոտնահարվել էր: Ես կարծում եմ, որ այստեղ արդեն մի փոքր բարոյականություն պետք է ունենան, որպեսզի որեւիցե խնդիր չառաջացնեն՝ կուսակցության գրանցման հետ կապված:
-Տիկի՛ն Սարգսյան, ՍԴՀԿ ատենապետի «պաշտոնում» Ձեզ փոխարինող Նարեկ Գալստյանը շատ ագրեսիվ է տրամադրված Ձեր եւ ստեղծվելիք կուսակցության հանդեպ: Ո՞րն է պատճառը:
-Չի հասել քաղաքական հասունության այն մակարդակին, որ հասկանա՝ ինչ բան է կին, ինչ բան է համատեղ աշխատանք, արժեւորի այն մարդկանց, որոնց կողքին ինքն աշխատել է, հետեւաբար ես դա համարում եմ հասունության պակաս: Մի բան էլ կա. իրենք հասկանում են, որ իմ գոյության պարագայում իրենք վտանգված են, իրենք դաշտ չունեն: Ես անցել եմ բազմաթիվ փորձությունների միջով, ընդդիմության մեջ ես իմ դերակատարությունն եմ ունեցել, ես՝ որպես քաղաքական մարդ, տարածման խնդիր չունեմ: Եթե մենք հին հնչակյաններով ստեղծում ենք նորը, ապա իրենք դաշտ չունեն, բոլորն էլ գիտեն, որ իրենք ընդդիմություն չեն:
-Ձեր հայտարարությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն…
-Ուրեմն ճիշտ խոսք կա, երբ ասում են`եթե ուզում ես ճիշտ բան ոչնչացնել, ստեղծի՛ր հանձնաժողով: Հիմա ստեղծվել է հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի հիվանդանոցներում «ատկատի» գոյությունը: Ասել եմ եւ նորից եմ կրկնում, որ «ատկատը» երկու ծայր ունի, եթե մի ծայրը հիվանդանոցում է, պետք է գտնել երկրորդ ծայրը: Ես գիտեմ՝ սովորաբար երկրորդ ծայրը որտեղ է եղել, եթե սա պարոն Դումանյանը հուշի նաեւ դատախազին, թե որտեղ պետք է երկրորդ ծայրը փնտրել, ուրեմն…. բայց բնական է՝ նման հուշում չի լինի, եւ այդ ուղղությամբ ընդհանրապես ոչինչ չի արվելու, քանի որ դատախազությանը նման հրահանգ չի իջեցվել վերեւից:

 

 

 

 

 

 

ԱԺ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվել է, բայց առանց ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական եւ մեկ ՕԵԿ-ական անդամներից: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Աժ հաշվիչ հանձնաժողովն արդեն ձեւավորվե՞լ է:
-Այո՛, երկու խմբակցություններն անդամներին ներկայացրել են, իսկ հանձնաժողովն էլ արդեն ընտրություն կատարել է: Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են՝ Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանն ՕԵԿ-ից է:
-Տեսակետ կա, որ հանձնաժողովը լեգիտիմ չէ, քանի որ այլընտրանք չկա…
-Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է: Մենք երբեւիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ ԱԺ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն: Իսկ եթե ուզում են, ապա պատրաստ ենք, թող գան, մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Իրենց ոչ ոք չի արգելում: Այս ամենը սկսվել է նրանից, որ իրենք փորձում էին խոչընդոտել ԱԺ-ի եւ հանձնաժողովի աշխատանքները: Իսկ ցանկացած իրեն հարգող մեծամասնություն թույլ չի տա նման բան անել:
-Եթե ընդդիմությունը փոքրամասնություն է, ուրեմն մեծամասնությունը պետք է ճնշի՞ նրանց:
-Դե մենք իրենց՝ որպես փոքրամասնություն, առաջարկել ենք, որ իրենց թեկնածուներին առաջարկեն, բայց եթե չեն առաջարկում, չեն ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է: Իրենց ոչ ոք չի ստիպելու:
-Բայց ԱԺ 4 խմբակցությունները գտնում են, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում, դրա համար էլ հրաժարվում են հանձնաժողովում անդամներ ունենալ:
-Իսկ ես էլ գտնում եմ, որ մենք, ընդհակառակը, ցանկացած ժամանակ թույլատրում ենք ընդդիմությանն իրենց կարծիքն արտահայտել, այնպես չէ, որ իրենց կարծիքը միշտ ճիշտ է, եւ մենք պետք է իրենց կարծիքը միշտ հաշվի առնենք: Իրենք կանոնակարգում որեւիցե բան չկարողացան գտնել, որ նախորդ քվեարկությունը պետք էր չեղյալ համարել: 5 տեղ կա, եթե իրենք ցանկանում են մասնակցել, կարող են առաջարկել ու գալ, մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Անիմաստ է նորից գնալ գազի քվեարկությանը, որեւէ խախտում չի եղել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՅԼ ՊԱՀԱՆՋ

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները, որոնք աշխատում են Երեւանի ոսկու շուկայում եւ ունեն քարի արտադրամասեր, պնդում են, որ ավելի քան տասը օր է, ինչ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն իրենց «անհանգստացնում են»՝ պահանջելով սահմանվածից շատ վճարել հարկերը (եկամտահարկ, շահութահարկ եւ այլն): «Ժողովուրդ»-ն այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՊԵԿ, որտեղից պատասխանեցին. «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցները ինչպես ոսկու շուկայում, այնպես էլ որեւէ այլ տեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներից սահմանվածից ավելի հարկեր չեն պահանջել վճարել եւ գործում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում»: Սակայն աշխատակիցները հակառակն են պնդում:

 

ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ

Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանն անցկացրել է ավագանու արտահերթ նիստ: Թեման «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումն է: Բանն այն է, որ Մելիք գյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
Նշենք, որ ընկերությունը նախագծողի հասցեում փետրվարի 10-ին հանրային լսումներ էր անցկացրել, որին, սակայն, քիչ թվով մարդիկ էին ներկա գտնվել: Այս լսումները մտահոգություն են առաջացրել համայնքում, ինչի համար էլ ավագանին եւ գյուղապետը որոշել են դադարեցնել քննարկումները, մինչեւ որ համապատասխան ընկերությունները խորը ուսումնասիրություններ կատարեն: «Մենք մեր որոշումն ենք այս պահին վերանայում, որովհետեւ անծանոթ էինք այդ ծրագրին: Իսկ երբ ծանոթացա ծրագրի որոշ կետերին, տեսա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղին: Ավագանու նիստից հետո կզանգեմ ընկերության տնօրենին եւ կասեմ, որ դադարեցնի վաղվա քննարկումները եւ այն տեղափոխի գյուղ: Մինչեւ տասնյակ համապատասխան կազմակերպություններ իրենց խոսքը չասեն սրա վերաբերյալ, ես թույլտվություն չեմ տա: Սա ահավոր է, որովհետեւ մեծ վտանգ ենք սրանից սպասում: Իսկ մենք անտեղյակ էինք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգեց համայնքապետ Հակոբ Մկրտչյանը:

 

ԾՐԱԳՐԵՐ

Կառավարությունը մտադիր է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 եւ Բ եռահարկ հատվածները: Գործադիր իշխանությունը մտադիր է ստեղծել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը տեղակայվելու է Պոլիտեխնիկին պատկանող այդ տարածքում: Ավելին, կառավարության վաղվա նիստում ընդգրկված է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր ճանաչելու հարցը:




Լրահոս