Արմենտելի նախկին տնօրենը՝ «մութ գործերի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, որը գտնվում է հետախուզման մեջ, համացանցում հայատարել է, թե հայաստանյան ինտերնետային որոշ միջոցների կողմից պատվիրված տեղեկատվական հարձակումներն ունեն մեկ նպատակ. «խնդիրների իրական աղբյուրներից հասարակական կարծիքը շեղելու, ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ գործիչների «մութ գործերը» ծածկելու համար, ինչպես ԱրմենՏել-ում, այնպես էլ դրանից դուրս»:

Ըստ Կլիմկոյի հայտարարության` մի քանի հայտեր է ներկայացնելու զանգվածային միջոցների դեմ պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության համար, որոնք նախաձեռնում են նման հրապարակումները. «Ուզում եմ նաեւ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ իրավապահ մարմիններն արդեն 4 ամիս է՝ մերժում են իմ պաշտպանվելու իրավունքը` թույլ չտալով փաստաբաններին զբաղվել այս գործով:Դատարան հայց եմ ներկայացրել պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը վերականգնելու պահանջով»:

Պարզվում է՝ «ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ցանկացել է իր գործով պաշտպան նշանակել փաստաբան Տիգրան Աթանեսյանին, սակայն ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է փաստաբանին ներգրավվել. « ԱԱԾ թույլ չի տալիս, դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, բողոքս մերժել են, դիմել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»:

Հարցին, թե ինչ պատճառաբանություն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ԱԱԾ-ն, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Իգոր Կլիմկոն ինձ նոտարական կարգով վավերացրած լիազորագիր է ուղարկել, որ ես իր գործով պաշտպանը լինեմ: Ազգային անվտանգության ծառայությունն ասում է, որ մենք վստահ չենք, որ ինքը բարի կամքով է կայացրել այդ որոշումը, եւ այդ հիմքով մերժում են: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ասում է, թե ԱԱԾ-ն ճիշտ է արել: Արդյունքում՝ ես դիմել եմ դատարան, դեկտեմբերի 18-ին այս գործով առաջին նիստը կլինի»:

Հիշեցնենք, որ 2009-2012թթ «ԱրմենՏել»-ի՝ արտերկրից կատարված հեռախոսազանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասն անհետացել էր «ԱրմենՏել»-ից: Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ից հափշտակվել է մոտ 500 մլն դոլար: Արդյունքում՝ «Արմենտել»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ նրա տեխնիկական գծով տնօրեն Վ.Սաչկովը Բելառուսի Հանրապետությունում կալանավորված է, եւ այժմ ընթանում է նրան արտահանձնելու գործընթացը: Իսկ թե ովքեր են ներգրավված այս գործում, որոնց մասին ակնարկում է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը, դեռ կբացահայտվի:

Քնար Մանուկյան




Լրահոս