Երևանի քաղաքապետարանի ու «Պասկալ և Դիոդատո» կազմակերպությաննախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Տոնավաճառի մեկնարկը ռիթմիկ կատարումով ազդարարել են «Երևանյան թմբուկներ» խմբի թմբկահարուհիները, իսկ կարմիր ժապավենը կտրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ու օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։ Բացման արարողությանը հաջորդել է մանկական տոնական երգերի ծրագրով համերգ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառում՝ տոնական ձևավորումով շուրջ 30 տաղավար-տնակներում ներկայացված են ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ ու քաղցրավենիք վաճառող ընկերություններ։
Մինչ Սուրբ Ծննդի օրը՝ հունվարի 6-ը, տոնավաճառը կգործի յուրաքանչյուր օր՝ ժամը 13։00-ից մինչ 22։00-ն։