ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, արդյոք Հայաստանի բոլոր հիվանդանոցներում հետազոտությունների նույն արժեքն է սահմանված: Եւ եթե ոչ, ապա ինչո՞ւ, ինչի՞ հետ է դա կապված:

Մհեր Բարսեղյան, 29 տարեկան, մենեջեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Մհեր Բարսեղյանի հարցմանը՝ հայտնում եմ, որ պետության կողմից երաշխավորված անվճար լաբորատոր-գործիքային հետազոտությունների միեւնույն տեսակի համար բոլոր բուժհաստատություններում սահմանված է նույն գինը:
Ինչ վերաբերում է առեւտրային կազմակերպություն համարվող բժշկական հաստատություններում (ՓԲԸ, ՍՊԸ) վճարովի հիմունքներով իրականացվող ծառայությունների գներին, ապա դրանք հաստատվում են համապատասխան բժշկական հաստատության կողմից եւ կարող են տարբերվել, քանի որ բժշկական կազմակերպությունը շուկայական տնտեսության պայմաններում ինքն է հաշվարկում իր ծախսերն ու շահույթը եւ դրա հիման վրա սահմանում տվյալ հետազոտության կամ բուժման գինը:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի
տեղակալ Տ. Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, շուկայական մրցակցությունը չի արմատավորվում առողջապահության համակարգում, եւ արդյունքում գրեթե ամենուր կարելի է հանդիպել կամայական գների: Այնպես է ստացվել, որ նման կառույցների տերերը լավ են հասկացել, որ անհրաժեշտության դեպքում հետազոտության կարիք ունեցող քաղաքացին ոչնչի առաջ կանգ չի առնի: Այդ պատճառով էլ գործում են ծառայությունների ավելի քան անտրամաբանական գներ:




Լրահոս