Ընդդեմ Խորան աղանդի երթի մասնակիցները դիմում-պահանջը հանձնեցին կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հյուսիսային պողոտայից այսօր մեկնարկեց  Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման նախաձեռնած  երթն ընդդեմ “Խորան” կրոնական կառույցի գործունեության: Մասնակիցները շարժվեցին կառավարության շենք` նամակների բաժին հանձնելով դիմում-պահանջը, որում մասնավորապես ասվում էր.
“Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը,  շարունակաբար  նամակներ ստանալով Իսպանիայում ապրող մեր հայրենակիցներից “Խորան” կրոնական կազմակերպության ղեկավարների անօրինական գործունեության մասին, սկսեց հրապարակել դրանք` ձեռնամուխ լինելով բացահայտել ու կասեցնել այդ աղանդի ղեկավարների քայքայիչ գործունեությունը: “Խորան” միջազգային քրիստոնեական “եկեղեցին” բացվել է Իսպանիայում և գրանցվել Հայաստանում 2008թ-ին: Ղեկավարներն են ազգությամբ հայ Հրաչյա և Գայանե Խաչատրյանները: Կրոնական կառույցի  քայքայիչ գործունեության մասին մասնավորապես մամուլում բարձրաձայնելու արդյունքում  Միացյալ Երիտասարդական Լիգան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել “Խորանի” ղեկավարներից, սակայն փաստերն արժանացել են մեր օրինապահ մարմինների անտարբերությանը:
ՄԵԼ-ը, հաշվի առնելով “Խորան” կրոնական կազմակերպության ղեկավարների անօրինական  գործունեությունը եւ դրա հետեւանքով Իսպանիայի հայ համայնքի ճնշվածությունը, ՀՀ կառավարությունից պահանջում է գրանցումից հանել “Խորան” միջազգային քրիստոնեական եկեղեցի կազմակերպությունը եւ օրենքով կասեցնել Հրաչյա և Գայանե Խաչատրյանների քայլերը, ովքեր Իսպանիայում հոգեւորսության միջոցով թալանում են իրենց կառույցի անդամներին` քայքայելով հայ ընտանիքները”: 
Երթի ընթացքում ցուցարարնորի անվտանգությունն էին ապահովում ոստիկանության աշխատակիցները:




Լրահոս