Էջմիածնի ավագ դպրոցի աշակերտի եւ տնօրենի «վիճաբանությունը», որը հանգեցրել է քրեական գործի հարուցման, դատաքննության փուլում է: Մեղադրանք է առաջադրվել «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Նազարյանին: Ամբաստանյալի աթոռին հայտնված տնօրենը մեղադրվում է պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ: Հարցաքննվում են գործով անցնող վկաները:
Ըստ քրգործի նյութերի՝ Ս. Նազարյանը, լինելով պաշտոնատար անձ, 2011թ. փետրվարի 1-ին` ժամը 11-ի սահմաններում, գտնվելով աշխատավայրում, տեղեկացել է, որ որդին՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Տերտերյանը, եւ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը վիճաբանում են: Համաձայն մեղադրանքի՝ դա առիթ է դարձել, որ տնօրենն ակնհայտորեն դուրս գա ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով եւ աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, դպրոցի 3-րդ մասնաշենքում վիճաբանի աշակերտ Ալբերտ Հարությունյանի հետ, որի ընթացքում ձեռքով մի քանի անգամ հարվածի Հարությունյանի այտին եւ դաստակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Այնուհետեւ, Ս. Նազարյանը շարունակել է Ալբերտի հետ վիճաբանել նաեւ դպրոցի բակում, վերջինիս հասցեին հայհոյանքներ տվել, հեղինակազրկել ուսուցչի բարի համբավը եւ էական վնաս պատճառել աշակերտ Ա. Հարությունյանին, դպրոցին ու ՀՀ ԿԳՆ օրինական շահերին: Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Ս. Նազարյանը միջադեպից հետո լրատվամիջոցներին հայտնել էր, որ վեճի ընթացքում աշակերտ Ա. Հարությունյանը «հրել է իրեն, հարվածել ձեռքին եւ անհարգալից վարք դրսեւորել»: Աշակերտ Ալբերտն էլ, որը վեճից հետո տեղափոխվել էր այլ դպրոց, նախկին դպրոցից իր հերթին դժգոհել էր, որ այնտեղ ոտնահարվում են աշակերտների իրավունքները:
Մամուլում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել դպրոցի տնօրեն Ս. Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք էին ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը եւ տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը: Իսկ ահա դատարանում Նազարյանը հայտնել էր, որ 16 վկաներ հերքում են աշակերտին հարվածելու եւ հայհոյելու հանգամանքները, որոնք ապացուցվում են նաեւ տեսագրություններով, եւ որոնք նախաքննական մարմինն անտեսել է: Ընդամենը 3 վկա է ցուցմունք տվել դպրոցի տնօրենի դեմ, բայց դա չի խանգարում, որ Սուսաննա Նազարյանը պայքարի իր իրավունքների համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ