«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հետ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովների պատգամավորների հանդիպումը երեկ հետաքրքիր ընթացք է ունեցել: Տ. Առաքելյանն ի սկզբանե հայտարարել է, որ ինքն ուրախ է տեսնել պատգամավորներին, բացառությամբ իշխող կոալիցիայի անդամ ՀՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչների. ՀՀԿ-ից կալանավայր էր այցելել Մարգարիտ Եսայանը, ՕԵԿ-ից՝ Կարեն Բոթոյանը: ՕԵԿ-ական պատգամավորը միանգամից հեռացել է Առաքելյանի խցից, բայց Եսայանը մնացել է, նույնիսկ փորձել է հարցեր տալ, սակայն Առաքելյանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքը չի ցանկանում ՀՀԿ-ականի հարցերին պատասխանել: Նշենք, որ բացի կոալիցիոն կուսակցություններից, կալանավայր էին այցելել նաեւ ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաճյանն ու Տիգրան Ստեփանյանը: Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորները ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր ներկա կգտնվեն ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը:
Հավելենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը եւս խոստացել էր տեսակցել Տիգրանին, սակայն չէր գնացել: «ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ է պատճառը, որ նա չի կատարել խոստումը: «Բոլոր այցելություններին մասնակցել եմ: Եղել եմ «Նուբարաշեն»-ում, «Էրեբունի»-ում, բայց, ցավոք սրտի, այսօր (երեկ-խմբ.) այլ հանդիպումներ ունեի»,-պարզաբանեց պատգամավորը՝ իր ջերմ ողջույնները հաղորդելով Տիգրան Առաքելյանին:
ԸՆՏՐՈՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ