ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա դրությամբ 176 հազար ՀՀ քաղաքացի փաստացի զրկված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից: Բանն այն է, որ հենց այդքան մարդ ունի միայն նույնականացման քարտ եւ ոչ անձնագիր: Այս թիվը, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, տրամադրեցին ՀՀ ոստիկանությունից: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ուղիներ են փնտրում, որպեսզի ընտրողներին թույլատրեն նույնականացման քարտերով եւս քվեարկել: Ու եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ապա դա ընտրությունները կեղծելու լրացուցիչ գործիք կդառնա: Ինչպե՞ս, բացատրենք: Մեկ մարդը հնարավորություն կունենա ուրիշների փոխարեն տարբեր տեղամասերում անթիվ քվեարկել՝ ընտրացուցակները լրացնող ՏԸՀ անդամի օժանդակությամբ, քանի որ երկրի ներսում գործածվող նույնականացման պլաստիկ քարտի վրա բնակության հասցե չկա նշված: Իսկ այդ քարտը կարդացող սարքերը թանկ են եւ անգամ մասնավոր շատ բանկերում չկան տեղադրված:
Բայց մյուս կողմից էլ հարյուր-հազարավոր մարդիկ չեն կարող ընտրելու իրավունքից զրկվել: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Այս թնջուկի լուծումը աշխարհի շատ երկրներում, այդ թվում մեր հարազատ Ֆրանսիայում, արդեն լուծվել է «ընտրական վկայականների» ներդրմամբ: Այդ համակարգի էությունն այն է, որ քաղաքացուն ընտրությունների համար առանձին փաստաթուղթ է տրվում, որը անձնագրի պես հատուկ պաշտպանվածություն ունի: Եվ ընտրական ցուցակներում էլ ընդգրկվում են միայն այն քաղաքացիների անունները, որոնք դիմել եւ ստացել են այդ փաստաթուղթը: Իհարկե, դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ նման համակարգ ներդնելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ. ժամանակ չկա, բայց 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել: Բայց արդյո՞ք ՀՀ իշխանությունները կցանկանան գնալ այդ օրինական ճանապարհով. բանն այն է, որ այդ դեպքում ընտրացուցակները եւս մեխանիկորեն կմաքրվեն «գոյություն չունեցող» կամ արտագաղթած ընտրողներից:

 

 

 
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը ձեւավորել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թեւից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն: Պատգամավորից տեղեկացանք, որ ՀՅԴ-ի այո-ի շտաբն ի պաշտոնե ղեկավարելու է Աղվան Վարդանյանը: «Շտաբը գործում է գերագույն մարմնի ներքո, իսկ ԳՄ անունից հանդես գալու իրավասություն ունի ԳՄ ներկայացուցիչը: Այս պահի դրությամբ ԳՄ ներկայացուցիչ է Աղվան Վարդանյանը»,- պարզաբանեց Մինասյանը: Ի դեպ, քարոզչական խմբերը կազմված են լինելու 3-4 հոգուց: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՅԴ-ականներից այո-ի քարոզով զբաղվելու է ընդամենը մոտ 20 մարդ:

 

 

 
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի՝ գրավի դիմաց ազատ արձակման դեմ ՀՀ վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է: Ինչպես հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին կայացրած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն մարզպետի որդուն ազատ արձակելու մասով որեւէ քայլ այդպես էլ չարվեց: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում: ՀՀ դատական դեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գլխավոր դատախազության բողոքը կքննի դատավոր Սերգեյ Չիչոյանը, դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 23-ին: Նկատենք նաեւ, որ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը կիրականացնի ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանի հարազատ եղբայրը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ: Ու թեեւ այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ, ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ: Ըստ երեւույթին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ չցանկացավ ներքաշվել քաղաքականության մեջ եւ որոշեց պատգամավորի հայտարարությանը ընթացք տալ: Ի վերջո, եթե սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեր, Զուրաբյանը դա կարող էր ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Չի բացառվում նաեւ, որ դատախազը հաշվի առավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, թե պատգամավորի մեղադրանքները անհեթեթ են, դրա համար էլ որոշեց լուրջ չվերաբերվել կաշառքի մասին հայտարարությանը: Հետաքրքիր է, որ 2008 թվականին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ձերբակալվեց սուտ մատնության հատկանիշներով միայն այն բանի համար, որ հարցեր էր ուղղել ՀՀ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Զուրաբյանը կոնկրետ պնդում էր:

 

 

 
ԹԻՐԱԽՈՒՄ

Նախօրեին՝ երեկոյան, անակնկալ այցով Մոսկվա է մեկնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում լրագրողների ներկայությամբ հատուկ շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին եւ անձամբ Պուտինին՝ ցուցաբերած օգնության համար: Միջազգային մամուլն ընդգծում է, որ սա վերջին չորս տարիներին՝ սիրիական պատերազմի մեկնարկից ի վեր, Ասադի առաջին օտարերկրյա այցն էր, եւ շատ լուրջ ուղերձ էր պարունակում ինչպես հենց իր՝ Ասադի հետագա պաշտոնավարման հեռանկարի, այնպես էլ Ռուսաստանի՝ սիրիական թնջուկում դոմինանտ դերակատարության ստանձման առումով:
Առհասարակ, ՄԱԿ-ի 70-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բարաք Օբամայի հետ վերջին հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հստակորեն ի ցույց է դնում այն պնդումների սնանկությունը, թե միջազգային մեկուսացման եւ արեւմտյան պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանն այնքան է թուլացել, որ եւս մի քիչ, եւ Պուտինը տեղի կտա: Իրականում այդ հանդիպման հաջորդ իսկ օրն արդեն ուղղակիորեն ներգրավվելով ԻԼԻՊ-ի դեմ մարտերում Սիրիայի տարածքում՝ Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռեւս «հարց լուծող» է, եւ նույն արեւմտյան «հեղինակավոր» մամուլի պնդումները, թե Սիրիայում իր օդուժը գործարկելու մասին հայտարարություններով Պուտինն ընդամենը նպատակ ուներ իր վրա Արեւմուտքի ուշադրությունը հրավիրել եւ հասնել պատժամիջոցների մեղմացմանը, իսկ իրական գործողությունների նա ոչ մի դեպքում չի գնա, մեղմ ասած, իրականությունից հեռու էին:
Ինչպես տեսանք՝ Ռուսաստանը ոչ միայն մտավ Սիրիա, այլեւ անմիջապես այնտեղ լուրջ եղանակ փոխեց, այն աստիճան, որ Իրաքը հայտարարեց իր մտադրության մասին՝ խնդրելու Ռուսաստանին իր տարածք եւս մուտք գործել եւ աջակցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարին: Գիտակցելով, որ եթե նման բան թույլ տա, ապա դա արդեն կընկալվի ԱՄՆ դիրքերի անթույլատրելի թուլացում, Պենտագոնն անմիջապես Իրաք գործուղեց ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդին, որն էլ, փաստորեն, պաշտոնական Բաղդադին վերջնագիր ներկայացնելու միջոցով հասավ նրան, որ Իրաքը հրաժարվի Մոսկվային դիմելու իր մտադրությունից:
Հայաստանի համար այս զարգացումները եւ Ռուսաստանի դերակատարության աճը ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ կարող են ունենալ: Մասնավորապես՝ Ասադի ռեժիմի ազդեցիկ թշնամիներից Թուրքիան խիստ ագրեսիվ է արձագանքում Ռուսաստանի գործողություններին: Եվ պատահական չէ, որ Ասադի՝ Մոսկվա կատարած այցին արձագանքելով՝ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ասել է.«Լավ կլիներ, որ Ասադը չվերադառնար եւ մնար Մոսկվայում»: Եվ այս իրավիճակում չի բացառվում, որ Թուրքիան փորձի Ռուսաստանի «ոտքը տրորել» Հայաստանի միջոցով՝ ակտիվացնելով իր ապակայունացնող ջանքերը ինչպես ղարաբաղյան ճակատում, այնպես էլ անմիջականորեն հայ-թուրքական սահմանին:




Լրահոս