Ընդդիմության նպատակն իշխանության հասնելն է. Համլետ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայ ազգային կոնգրեսը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ` պարզելու նրա տեսակետը:

-Պարոն Հարությունյան, այսօր ՀԱԿ խմբակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացրել , ըստ որի, պահանջում է անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դուք արդարացի համարում եք նրանց պահանջը:

-Ես գնահատական տվող չեմ: Արդարացի, անարդարացին ես չեմ որոշողը: Ընդհանուր կարծիքս այն է, որ հանրաքվեն կայացել է` իր թերություններով և իր առավելություններվ հանդերձ:

-«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շարունակում է հանրահավաքներ անցկացնել:  Ինչ կարծիք ունեք նրանց պայքարի մասին:

-Դա իրենց գործն է, իրենց խնդիրն է: Ես ինչ իմանամ` անընդհատ են հանահավաք անելու,  կիսատ պռատ են անելու: Ընդդիմությունը պետք է  իր գործով զբաղվի: Ընդդիմության գործը ցույցերն է, քննադատելն է: Նրանց էլ չի կարելի մեղադրել:

-Հանրահավաքների միջոցով նրանց կհաջողվի հաջողության հասնել և անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

-Այս արդեն չեմ կարող ասել, ես Նաստրադամուսը չեմ, բայց այն թվաքանակը, այն ռեսուրսները,  որ իրենք ունեն դրանով որևէ  հաջողության չեն հասնի: Ի  վերջո ընդդիմության նպատակը տարբեր պատճառաբանություններով  իշխանության հասնելն է: Նրանք ամեն անգամ  մի  բան գտնելու են, որ պայքարեն և դա նրանց իրավունքն է: Այն ռեսուրսը, որ ես տեսնում եմ միտինգներին, հավաքներին, այդ ռեսուրսներով նրանք չեն կարող  իրենց առջև դրված նպատակներին հասնել:




Լրահոս