Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:
Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող ,AL Nobala Diamondե ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է ,Զվարթնոցե օդանավակայան:
Այնուհետեւ Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձեւակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղեւորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ ,Զվարթնոցե մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին:
Ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց եւ դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող ,Նիսսան Տեանաե մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության եւ հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: