Տարոն Մարգարյանը քաղաքացիներին չի հարգում. (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն հինգ օր է, ինչ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում են: Պատճառն այն է, որ իրենց առանց այն էլ փոքր բակում “Լարգո գրուպ” ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Օրեր շարունակ ընկերության շինարարները փորձում են աշխատանքներն իրականացնել ոստիկանների հսկողությամբ, սակայն բնակիչները խանգարում են նրանց:
“1960 թվականից մենք Սայաթ-Նովա փողոցի 10 եւ 12 շենքերի բնակիչներ ենք: Այստեղ չկա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, չկա նաեւ տարեցների համար զրուցարան, բակի մի մասը զբաղված է ավտոտնակներով եւ ավտոմեքենաներով: Մենք բնակիչներով խիստ վրդովված ենք նման որոշումից եւ չենք ուզում հավատալ, որ քաղաքապետարանն առանց այն էլ նեղ բակում ռեստորան-հյուրանոց կառուցելու շինթույլտվություն տված լինի: Այս կառույցը զրկելու է մեզ արեւի լույսից”,-“Ժողովուրդ”-ին բնակիչների բողոքը փոխանցեց Անաիդա Հովսեփյանը:
Նշենք, որ կաթսայատունը, որի տեղում պատրաստվում են կառուցել համալիրը, գտնվում է նշված շենքերից ընդամենը 4-ից 5 մետր հեռավորության վրա: Ըստ բնակիչների՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է տվյալ նեղ տարածքում կառուցել շինություն՝ խախտելով ոչ միայն ճարտարապետական նորմերը, այլեւ անհնարին դարձնելով շտապօգնության եւ հրշեջ-ծառայության մեքենաների մուտքը:
100 ընտանիք իրենց ստորագրություններով բաց նամակ են ուղղել ոչ միայն Տարոն Մարգարյանին, այլեւ Սերժ Սարգսյանին: Բացի այս, տիկին Անաիդան երկու շենքերի բնակիչների անունից այս տարվա հունիսի 21-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն պատասխանը ստացել է հուլիսի 23-ին, մինչդեռ, ըստ օրենքի, քաղաքապետարանից պետք է պատասխանեին տասն օրվա ընթացքում:
Ինչեւէ. Երեւանի քաղաքապետարանից բնակիչներին տեղեկացրել են, որ ընկերության կողմից հայտ է ներկայացվել  կաթսայատունը քանդելու եւ տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար: “Ուսումնասիրելով առկա կառուցապատումը եւ ներկայացրած էսքիզային նախագծերը՝ կառուցապատողին տրվել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, ըստ որոնց՝ շենքի հարկայնությունը սահմանված է մինչեւ վեց հարկ: Հաշվի առնելով դիմում-բողոքում բարձրացված հարցերը՝ ներկա պահին լրացուցիչ ուսումնասիրվում են նախատեսվող շինության եւ հարակից հարեւան շինությունների նորմատիվային հեռավորությունների, արեւահարման եւ այլ հարցեր, որոնց վերջնական արդյունքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք”,-նշված է Երեւանի քաղաքապետարանի բնակիչներին ուղղված նամակում: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի 586 համարում




Լրահոս