Մենք հերթական զոհերն ենք տալիս այն պատճառով, որ մեր վերահսկող սարքերը մնում են «կոնսերվի» բանկաները. Տիգրան Խզմալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադարձություններին՝ համացանցի իր էջում գրել էր, որ հայ ֆիզիկոսները տարիներ շարունակ առաջարկում են սահմանում տեղադրել իրենց գյուտը՝ գերզգայուն սենսորային սարքերը, որոնցով հնարավոր կլինի կանխել ադրբեջանական զինուժի մոտեցումը հայկական դիրքերին, սակայն ինչպես երեւում է՝ հայկական կողմից այս սարքն ունենալու համար որեւէ քայլ չի կատարվում:

«Հայ ֆիզիկոսները տարիներ շարունակ առաջարկում են սահմանում տեղադրել նրանց գյուտը՝ գերզգայուն սենսորային սարքերը, որոնց մասին ես դեռ երեք տարի առաջ երկու տեսանյութ եմ արել: Փոխարենը ՀՀ իշխանությունը միլիոններ է ծախսել շահութաբեր արագաչափ ամեն ծակում տեղադրելու համար: Հայ զինվորը շարունակում է շների ու դատարկ կոնսերվաների հույսին մնալ: Այս երեք օրերի մեր կորուստները նաեւ իշխանավորների ագահության հետեւանք են…»- նշել էր նա:

«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեց Տիգրան Խզմալյանին:

-Պարո՛ն Խզմալյան, հայ ֆիզիկոսների կողմից ստեղծված գերզգայուն սենսորային սարքերի արդյունավետությունը որքանո՞վ է մեծ, եւ ո՞րն է դրա կիրառման ձեւը:

-Մոտավորապես 2008 թվականից սկսած մի խումբ հայ ֆիզիկոսներ ԵՊՀ-ում՝ հենց համալսարանում գտնվող նկուղում, սկսեցին աշխատել սենսորային սարքի վրա, որը կանխազգայելու էր մոտալուտ երկրաշարժի մասին, շատ ցածր հերցականությամբ` մինչեւ մեկ հերց, նման ցածր հաճախականության սարքեր գրեթե չկան, եւ մերոնք կարողացան ստեղծել այդ սարքը: Դա բժշկության` կարդեոլոգիայի մեջ եւս շատ խոստումնալից, հեռանկարային բան էր: Եւ քանի որ պարբերաբար սրվում էին իրավիճակները սահմանում, առաջին սարքը, որ պատրաստվեց, հողի մեջ թաղված 300 մետր զգայունություն պետք է ունենար: Դա, իհարկե, կախված է եղանակից եւ գրունտից, այսինքն՝ փափուկ հող է, քարեր են, ավազ է, թաց է, չոր է… Շատ քիչ ծախսեր անելով՝ մենք կարող ենք սահմանի վրա ունենալ այդ գերզգայուն, գերարդիական եւ, ամենակարեւորը, հայրենական արտադրության համակարգը, որը կապվում էր համացանցի հետ: Եւ փաստորեն պետք չէր, որ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր նորակոչիկներ պայքարեն խրամատներում անձրեւի ու կրակի տակ, այլ մեկ-երկու փոքր պոստեր, որոնք վերահսկելու էին, ուղղակի տարածքները կգտնվեին այնտեղ պաշտպանված, մինչդեռ ծառայության էլեկտրոնային օպերատորները անընդհատ կվերահսկեին: Արդեն 2009-2010 թթ առաջին փորձարկումները արվեցին, եւ բանակին այդ մասին ասված էր: Մնացածը տխուր պատմություն է, որովհետեւ կան մարդիկ, ովքեր գերադասում են փող չտալ հայ գիտնականներին, որպեսզի դա իրականացվի: Եթե ներդրում լինի, աշխատանքային պայմաններ ստեղծվեն, նման բաները շատ հեշտ կարելի է անել. մեկ սենյակում մեկ ամսվա մեջ կարելի է 2-3 սարք պատրաստել:

-Իսկ ի՞նչ ծավալի ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ:

-Ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, որովհետեւ առաջինը դա զինվորական գաղտնիք է, եթե նրանք պաշտպանության նախարարության հետ են խոսում այդ մասին: Երկրորդը ՝ դա էական չէ, որովհետեւ ոչ մի գումար մեր զինվորների կյանքը չարժե, եւ երրորդ՝ ես կարող եմ վստահ ասել, որ մեկ քառորդը կամ մեկ երրորդը կլինի այն ծախսերի, որ արվեցին քաղաքում արագաչափեր դնելու համար:

-Պարո՛ն Խզմալյան, արդյո՞ք այլ երկրներում նմանատիպ գերզգայուն սենսորային սարքեր կիրառվում են:

-Որքան գիտեմ՝ հեղինակներից մեկն ամերիկահայ է, եւ նա առաջարկեց ԱՄՆ-ին, եւ այդ սարքն ամերիկամեքսիկական սահմանի վրա արդեն փորձարկվում է: Այնտեղ ամերիկյան սենսորները մինչեւ 30 մետրի վրա են աշխատում, իսկ սա մինչեւ 300-ի: Բացի այդ, Սինգապուրում այդ սարքը տեխնիկական մրցույթում ստացավ ոսկե մրցանակ… Արդեն 2009-2012 թվականներին ես ծանոթացա այդ մարդկանց հետ, երկու ռեպորտաժ ունեցա, սակայն դեռ որեւէ բան չի փոխվել, եւ մենք հերթական զոհերն ենք տալիս այն պատճառով, որ մեր վերահսկող սարքերը մնում են «կոնսերվի բանկաները»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս