Հայաստանի մեծահասկաների լողի առաջնության վերջին մրցումային օրը՝ ապրիլի 30-ին, դելֆին լողաոճում Մոնիկա Վասիլյանը թարմացրել է գրեթե 40 տարի առաջ գրանցված ռեկորդը:
50 մետր տարածությունում դելֆին լողաոճի աղջիկների պայքարում հաղթող ճանաչված Վասիլյանը տարածությունն անցել է 30.71 վայրկյանում:
Մինչև այսօր 50 մետր դելֆին լողաոճում Հայաստանի ռեկորդը պատկանում էր Արմենուհի Մկրտչյանին: Լողորդուհին իր արդյունքին հասել է գրեթե չորս տասնամյակ առաջ՝ 1977 թ.-ին:
50 մետր դելֆին լողաոճում տղաների պայքարում հաղթել է Վահան Մխիթարյանը: Հետաքրքիր է, որ թե Մխիթարյանը, թե Վասիլյանը Հայաստանի չեմպիոն են դարձել նաև 100 մետր ազատ ոճում:
200 մետր բրաս լողաոճում տղաների պայքարում հաղթել է Վանիկ Բարսեղյանը, իսկ աղջիկների նույն լողաոճի պայքարում ուժեղագույնն է ճանաչվել Էլեն Եսայանը: 200 մետր թիկնալողում իրեն հավասարը տղաների պայքարում չի ունեցել Արամ Նալթակյանը, իսկ աղջիկների պայքարում հաղթել է Անի Պողոսյանը:
Երկար տարածությունների՝ աղջիկների համար 800 մետր ազատ ոճում, իսկ տղաների համար 1500 մետր ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ են դարձել համապատասխանաբար Ջուլիետա Գևորգյանը և Արտաշես Ադամյանը:
Եռօրյա մրցումներում բավականին հետաքրքիր արդյունքներ են գրանցվել. սահմանվել են երկրի 2 մեծահասակների և 2 պատանեկան ռեկորդներ, երկու լողորդներ էլ լրացրել են սպորտի վարպետի նորման: