Ռուսաստանը և Թուրքիան, միավորելով առևտրային, տնտեսական և ռազմական ջանքերը, կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև քրդական հարցը: Այս մասին ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է ադրբեջանական «Lider TV» հեռուստաալիքի հարցազրույցում:
«Եթե Թուրքիան զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա դա հավերժ է: Տնտեսական, առևտրային և արդյունաբերական առումներով՝ միայն պլյուսներ կան, ոչ մի մինուս: Մենք հյուսիս ենք, իրենք՝ հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնել ամեն ինչ, ներառյալ՝ ափերն ու ծովը, ինչպես նաև տալ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հյուսիսային երկրից, որն աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»,-ասել է Ժիրինովսկին:
«Թուրքիան հիանալի հնարավորություններ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորվեն, ապա կարող են լուծել Ղարաբաղի հարցը, և Ադրբեջանը բավարարված կլինի»,-համոզված է Ժիրինովսկին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը, ԼԴՊՌ-ի առաջնորդն ասել է. «Թող Կրեմլում որոշեն, մեր նախագահը թող որոշի: Սակայն կարելի է հատուկ կարգավիճակ փնտրել ԼՂ համար, որպեսզի բավարարված լինեն և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները»:
Ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է առավել մոտ լինել Ռուսաստանին, քան Հայաստանը: