ՈՐՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՍՈՒՏ ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միեւնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու: «Որովհետեւ այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը եւ մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- ասել է Գաբրիելյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերեւս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման եւ դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միեւնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու:
Նկատենք, որ Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ խնդիրը ստախոսության՝ նման երեւույթներն են: Ի վերջո, ՀՀ պաշտոնյաները երբ պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց ասածների համար: Երբ ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է, բայց հետագայում հակառակն է ապացուցվում, պետք է բոլորով ասպարեզից հեռանան, այդպես ավելի ազնիվ է: Թեեւ մեր օրերում ազնվության մասին հիշատակումները հեքիաթների ժանրից են:

 

 
Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձեւաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տեւել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ Արթուր Բաղդասարյանը, որը մինչեւ վերջերս հանդես էր գալիս որպես ՕԵԿ նախագահ, իսկ այժմ «Հայկական վերածնունդի» առաջնորդ, 2008-ին փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո սրընթաց հարստացավ: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի, Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ-ի դաշինքը փաստացի դարձավ հաջորդած իրադարձությունների՝ Մարտի 1-ի քաղաքական դատավճիռը: ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ իրենք խորհրդարանում հայտարարում են բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, սակայն իրենց առաջնորդը խոշոր գործարար է: Ի պատասխան՝ տիկին Բիշարյանն ասաց. «Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է»:

 

 

 
Հուլիսի 9-ին նախատեսված է Հայաստանի նորաթուխ՝ «Ռեֆորմիստների կուսակցության» հիմնադիր համագումարը: Այս կուսակցությունը եւս «Բարգավաճ Հայաստան»-ից պոկված մի փոքր կտոր է: Նորաստեղծ կուսակցության ղեկավարը նախկինում «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահ Վահան Բաբայանն է, որը մինչ այդ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր: Ավելի ուշ դարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից փաստացի կառավարվող ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ, որտեղից թռիչք կատարեց դեպի ԲՀԿ: Երիտասարդ գործիչը իր կողմից հիմնադրվելիք հերթական կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Բաբայանը՝ հավելելով, թե չի կարող ասել՝ կընդունե՞ն նրանք իր հրավերը, թե՞ ոչ:

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Արդեն ութ օր է՝ ինչ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Թերեք գետի մակարդակի բարձրացման եւ փլուզումների արդյունքում ՀՀ-ից գյուղմթերք արտահանող հարյուրավոր փոխադրողներ եւ ՀՀ քաղաքացիներ արդեն քանի օր է՝ Լարսի անցակետում «պատանդ են» մնացել: Այս պատկերը տխուր դեժա վյու է առաջացնում, քանի որ արդեն որերորդ տարին է, հատկապես գյուղմթերքի արտահանման պիկի շրջանում, մենք ականատես ենք լինում նման իրավիճակի, ընդ որում, տարբեր պատճառներով. մեկ բնությունն է իր «սեւ գործն» անում՝ հերթական փլուզումների տեսքով, մեկ վրաց-ռուսական հարաբերություններն են լարվում, ինչի արդյունքում կողմերը որոշում են անորոշ ժամկետով «վերանորոգման աշխատանքներ» իրականացնել այդ ճանապարհահատվածում, մեկ էլ պարզապես թուրքիայից ՌԴ ուղեւորվող բեռնատարների հոսքն է չափից ավելի մեծ լինում եւ առաջացնում խցանումներ: Միով բանիվ՝ Լարսի խնդիրը մշտապես լուրջ գլխացավանք է հայաստանցի բեռնափոխադրողների եւ արտահանողների համար:
Կոնկրետ ներկայիս իրավիճակի հետ կապված մեր իշխանավորները արդարանում են՝ թե բնական աղետ է եղել, եւ սա ֆորս մաժորային իրավիճակ է, որը իրենք ո՛չ կարող էին կանխատեսել, ո՛չ էլ կանխարգելել: Նրանք նույնկերպ արդարանում են նաեւ մնացած դեպքերում՝ ասելով, թե ռուս-վրացական հարաբերություններ են, իրենք ինչ կարող են անել, կամ Վրաստանի տարածքում իրենց գործողությունները սահմանափակ են եւ այլն, եւ այլն:
Այս ամենի արդյունքում, սակայն, տարիներ շարունակ հայ արտադրողներն ու արտահանողները մշտապես աշխատում են մեկ օրում սնանկանալու կամ մեծ վնասներ կրելու վտանգի ներքո: Չկա որեւէ ապահովություն կամ այլընտրանք, որը պետությունը կարող է առաջարկել Լարսի փակման դեպքում: Իսկ որը կարող է լինել այդ այլընտրանքը. այն մեկն է՝ Փոթիի նավահանգստից լաստանավային փոխադրումը, ինչը բավականին թանկ հաճույք է: Հետեւաբար մեր իշխանավորները տարիներ շարունակ սեփական անգործությունը արդարացնող հայտարարություններ անելու փոխարեն՝ պարտավոր էին մտածել Փոթիի նավահանգստում գոնե մեկ խոշոր լաստանավ ձեռք բերելու եւ այն հայ արտահանողներին մատչելի գնով, եթե չասենք՝ ձրի տրամադրելու մասին:
Ի վերջո, եթե մեր կառավարությունում օրուգիշեր խոսում են հայկական գյուղմթերքի արտահանման կարեւորության մասին, հարկ է, որ նման տարրական խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր արվեն, եւ ոչ թե գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր սեփական ձեռնարկության մթերած ծիրանի, դեղձի կամ բանջարեղենի մթերման խնդիրը լուծելու մտահոգությամբ զբաղվի «Սպայկա» ընկերության գովազդով: Կարծում ենք՝ գյուղատնտեսության նախարարության խնդիրը գյուղմթերք արտահանողներին այս կամ այն մասնավոր ընկերությունից օգտվելու առաջարկ անելը չէ, նրանք առանց Սերգո Կարապետյանի էլ շատ լավ գիտեն «Սպայկայի» ե՛ւ տեղը, ե՛ւ առաջարկած պայմանները:




Լրահոս