ՈՐՊԵՍԶԻ ԳՈՄՈՒՄ ԻՐԱՐ ՉՊՈԶԱՀԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները վերջերս պարզել են, որ խորհրդարանի ողջ շենքում “ժուչոկներ” են տեղադրված: Ընդ որում, գաղտնալսող այդ սարքերը տեղադրվել են ոչ միայն ԱԺ միջանցքում, այլեւ պատգամավորների աշխատասենյակներում: Եվ հիմա այդ մասին տեղեկացած  պատգամավորներն իրար հետ որեւէ գաղտնի բան չեն քննարկում, իսկ եթե շատ շտապ հարց է լինում, ապա թղթի վրա են գրում ու միմյանց փոխանցում: Տեղեկություններ կան, որ պատգամավորները փորձում են իրենց գաղտնի զրույցները “տեղափոխել” ԱԺ այգի, սակայն վստահ չեն, որ այնտեղ եւս իրենց չեն լսում: Այս կապակցությամբ “Ժողովուրդ”-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ` նախ պարզելու տեղեկության իսկությունը, ապա` նրանց վերաբերմունքը իրենց գաղտնալսելու շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ
-Պարո՛ն Սարոյան, տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր են տեղադրվել, ինչպե՞ս եք դա գնահատում: 
-Թող դնեն, ի՞նչ անենք, շպիո՞ն են բռնում, ի՞նչ են անում:
-Իսկ այդ դեպքում Ձեր գաղտնի քննարկումները որտե՞ղ եք անելու:
-Ի՞նչ քննարկում:
-Գաղտնի քննարկումներ չե՞ք ունենում:
-Ի՞նչ գաղտնի բան ենք խոսում, ա՛յ մարդ, ինչի՞ պիտի գաղտնի բան խոսենք: Մենք պետություն սարքող ենք, հո քանդո՞ղ չենք: Կարող է՝ մեզ համար են արել:
-Այսինքն՝ Դուք դեմ չեք ԱԺ-ում գաղտնալսման երեւույթին: 
-Դե, ա՛յ մարդ, սուտ խոսակցություններ են: Դուք որտեղի՞ց գիտեք՝ իրականում տենց բան կա, թե չէ: Չեմ կարծում, որ նման բան լինի: Չգիտե՞ք, անընդհատ նման խոսակցություններ լինում են:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Պարո՛ն Գասպարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ԱԺ-ում գաղտնալսող սարքերի առկայության մասին տեղեկատվությունը:
-Տեղյակ չեմ, բայց դա ճիշտ չէ: Դե բնական է, լինում է, որ տարբեր հարցերի հետ կապված՝ կաբինետներում նստած ենք զրուցում, բայց չեմ ընդունում այն, որ գաղտնալսումներ են կազմակերպում, ու մենք էլ տեղյակ չենք դրա մասին:
-Այսուհետ որտե՞ղ եք Ձեր գաղտնի քննարկումներն անցկացնելու:
-Ստիպված պետք է միջանցքներում հարցերի մասին խոսենք:
-Իսկ վստա՞հ եք, որ միջանցքներում գաղտնալսող սարքեր չկան:
-Երեւի դուրս պետք է գանք այգի: Նոր եմ լսում այդ տեղեկությունը, ու պետք է հստակ ճշտել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պարո՛ն Մուրադյան, տեղյա՞կ եք ԱԺ շենքում եւ ամբողջ տարածքում գաղտնալսող սարքերի առկայության մասին, ինչպե՞ս եք դա գնահատում:
-Տեղյակ չեմ: Սխալ եմ համարում դա, բայց դե ընդհանրապես գաղտնիքներ չեմ խոսում, եթե բան է պետք լինում, ամբիոնից խոսում ենք:
-Իսկ ձեր աշխատասենյակներում գաղտնի քննարկումներ չե՞ք ունենում: 
-Ի՞նչ հարցի շուրջ: Կուսակցությունը ոնց որոշում է, քննարկումներն այդպես էլ կատարվում են: Այլ քննարկում չկա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ-ում պատգամավորների խոսակցությունները գաղտնալսելուն: 
-Երբ ես վերջին անգամ կատակ էի անում ԱԺ-ում, ու երբ այն բառացիորեն տպվեց մամուլում, այն էլ այն դեպքում, երբ այդ ժամանակ ԱԺ միջանցքում ոչ մեկը չկար… Կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի, որ ես ապարանցու բանալիով եմ բացելու: Դա բառացիորեն հրապարակվեց այն դեպքում, երբ ոչ ոք չկար այնտեղ, որտեղ ես էի: Ես այդ ժամանակ հիշեցի մեր պապերի տարիները, երբ գոմ էին սարքում, մի կողմում գոմի դուռն էր, մյուս կողմում` օթախն էր, որտեղ քնում էին, ապրում: Գոմի  ու օթախի դռները միմյանց դեմ էին: Դա մի քանի նպատակ էր հետապնդում. նախ՝ ջերմությունն էր փոխանցվում, տաքացնելու խնդիր չկար, երկրորդն էլ՝ տերը միշտ ականջալուր էր, թե գոմում ինչ է կատարվում, որ իրար չպոզահարեն, գող չմտնի եւ այլն, եւ այլն: Կարծում եմ՝ Ազգային ժողովը… ճիշտ եմ արել, որ ցանկացել եմ դուռը ոտքով բացել: Կրկնում եմ` ոչ ոք չկար… այսինքն՝ մեզ ականջալուր էին միշտ, որպեսզի մենք ավելորդ ձայներ չհանենք, որպեսզի մտքեր չարտահայտենք:
-Այսինքն, ըստ Ձեզ, ճի՞շտ է, որ պատգամավորներին գաղտնալսում են:
-Ես համեմատություն եմ անցկացնում, որ կարծես թե գնացել ենք մեր նախնիներին` մի քիչ ժամանակակցի բաներով: Այն ժամանակ գոմի դուռը տան դռան մոտ էին անում, որ ականջալուր լինեն, հիմա պարզապես լսող սարքեր են դնում, որ… ի՞նչ տարբերություն` գոմի անասուններին հետեւել, թե խորհրդարանի պատգամավորներին, տարբերություն չկա: Ես ասում եմ՝ ես կատակեցի միջանցքում, ու դա տպվեց:
-Հիմա վախենո՞ւմ եք ինչ-որ բան ասելուց:
-Չէ՛, ինչի՞ պետք է վախենամ: Ես ինչ ասեմ, իմ ասածին տեր եմ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 660 համար




Լրահոս