Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում հերթական սպանությունն է տեղի ունեցել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակ գյուղում սպանվել է գյուղի բնակիչ 55-ամյա Լյովա Հաջյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` նախնական վարկած կա, որ սպանողը, ամենայն հավանականության, եղել է Հաջյանի որդու աներձագը:
Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների` տղամարդը սիրահետել է որդու զոքանչին, ինչի մասին իմացել է նրա աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որն էլ նման ավարտ է ունեցել:
Մեզ հետ զրույցում Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը հայտնեց, որ գյուղում տարբեր խոսակցություններ են տարածվել, սակայն հիմնական վարկածը վերը նշվածն է: Գյուղապետի խոսքով`կասկածյալը, ով արդեն իսկ ձերբակալված է, բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել տուժողի և նրա հարազատների հետ: Եվ կատարվածը բոլորին զարմանքի տեղիք է տվել. «Սպանության մեջ կասկածվողը Էդիկ Ասլանյանն է: Այս երիտասարդը միշտ օգնել է Հաջյանների ընտանիքին, նրանց հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: Տեսնենք`իրավապահներն ինչ կպարզեն»:
Նշենք, որ տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր, կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։