Էջմիածնում քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պատվերով ծեծի ենթարկվելու գործով նախօրեին իրավապահներն իրեն հերթական հարցաքննությանն են հրավիրել: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քննությունը շարունակվում է, նոր բացահայտված հանգամանքներ իրեն հայտնի չեն. «Մենք նախաքննության գաղտնիությունը պահելու ստորագրություն ենք դրել: Միայն կարող եմ ասել, որ ինձ պարբերաբար հարցաքննության են կանչում»,- ասաց Թումանյանը:
Ի դեպ, նա իրեն հաղթած է համարում: Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ հաղթանակն իրենն է, պարզապես իր մրցակիցը՝ Կարեն Գրիգորյանը, ապօրինի քայլերի է դիմել: Մեր հարցին` կատարվածից հետո հանդիպե՞լ է գործող քաղաքապետի հետ, քննարկե՞լ է տեղի ունեցածը, Թումանյանը պատասխանեց. «Ես չէ, որ պիտի գնամ իր մոտ: Մենք ենք տուժողը: Մեր ձեռքից են խլել քաղաքապետարանը: Ես ինձ համարում եմ հաղթած եւ հույս ունեմ, որ մեղավորը կպատժվի»: