Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի մարտի 2-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն` 2017 թվականին ևս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2017թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2017թ. փետրվարին, մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ ամսվա համար:
2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս