Ռուսաստանը հավասարության նշան է դնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջեւ. ինչո՞ւ է Պուտինը Սարգսյանին ընդունում հենց Սոչիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վաղը մեկնելու է Սոչի` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվելու են ոչ միայն քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, այլեւ՝ «Հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:
Նկատենք, որ հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն էլ լինելու է Սարգսյան-Պուտին հանդիպման գլխավոր թեման, առավել եւս, երբ ՌԴ-ն շարունակում է այս հարցում իր ձեռքը պահել նախաձեռնությունը:

Սարգսյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով: Այս տարվա հուլիսի 22-ին Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ նման հանդիպում չէր եղել: Ու հիմա Պուտինը «լրացնում է այդ բացը»` պատրաստվելով առանձնազրույց ունենալ նաեւ Հայաստանի ղեկավարի հետ: Ընդ որում, Պուտինն այս հանդիպումը կազմակերպել է սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպումից առաջ:

Մեկ ուշագրավ փաստ եւս. Պուտին-Ալիեւ հանդիպումը տեղի էր ունեցել հենց Սոչիում: Հիմա ՌԴ նույն քաղաքում Պուտինը պատրաստվում է դիմավորել Սերժ Սարգսյանին: Քաղաքականության մեջ նման դեպքերը պատահական չեն: Կարելի է ենթադրել, որ այսպես ռուսական կողմը փորձում է ամեն հարցում հավասարության նշան դնել իր ռազմավարական գործընկեր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որոնց ինչպես գիտեք, նաեւ զենք է վաճառում:

Հիմա հետաքրքիր է՝ արդյո՞ք մինչեւ Ս.Սարգսյանին հանդիպելը, Պուտինն այդ միջոցառումը եւս կանվանի «խնդիր», ինչպես եղավ Ալիեւի դեպքում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս