ՓԵՍԱՅԻ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում յուրօրինակ օրինաչափություն կա. այն ընկերությունները, որոնք անթաքույց վայելում են իշխանությունների բարեհաճությունը, նվերներ ստանում ու արտոնյալ են, կամաց-կամաց նվազեցնում են իրենց հարկային վճարումները: Այդ օրինաչափությունից չի շեղվել նաեւ «Սպայկա» ընկերությունը:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի հարյուրյակում անգամ տեղ չի գտել գյուղապրանքների պահածոյացմամբ, բեռնափոխադրմամբ եւ թարմ մրգերի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը: Ավելին՝ Արարատի, Արմավիրի մարզերում իր մենաշնորհային դիրքերն ամրապնդած ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 220 մլն դրամով նվազեցրել է հարկերը:
Այսպես՝ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե վճարել է 385 մլն 542 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 172-րդ տեղը: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում «Սպայկա» ընկերության պետական բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 603 մլն 598 հազար դրամ` զբաղեցնելով ցանկի 102-րդ տեղը: Իսկ ահա 2015 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 357 մլն 836 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով ցանկի 152-րդ տեղը: 2014 թվականի նույն ժամանակահատվածում վճարելով 617 մլն դրամ հարկ՝ զբաղեցրել է ցանկի 189-րդ տեղը: Ուսումնասիրելով ընկերության հարկային վճարումները՝ առնվազն անհասկանալի է, թե այս ընկերությունը, որը վերջերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ Երեւան Նորագավիթ թաղամասում 163.2 հա հողատարածք ստացավ, ինչու է նվազեցրել հարկերը: Հիշեցնենք, որ «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերությունների տնօրեններն այս տարվա հունիսի 19-ին դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ խնդրել իրենց օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա մոտ 163.2 հա հողամասը: Ընկերությունները մտադիր են այդ տարածքում հիմնել 110 հա կիսափակ ջերմոցային համալիր եւ բորբոսով պանրի գործարան: Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլար ներդնել: Տարոն Մարգարյանն էլ մեծ ոգեւորությամբ կառավարությանը ներկայացրեց ծրագիրը: Իսկ ՀՀ կառավարությունը, չլսելու տալով «Սպայկա»-ի դեմ առաջացած դժգոհությունները, հունիսի 23-ի նիստին իր հավանությունը տվեց վերոնշյալ ընկերություններին 163.2 հա մակերեսով հողատարածքներ նվիրաբերելու վերաբերյալ որոշման նախագծին:
Եվ քանի որ նրանք միայն սեզոնային մրգերի արտահանմամբ չեն զբաղվում, այլ պահածոյացնում են, հետեւաբար նման շեշտակի նվազում պետական բյուջե վճարելիք հարկերից, խիստ կասկածահարույց է:
Հավանաբար այս իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության անվան հետ կապում են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը: Ինչպես հայտնի է` գյուղապրանքների մթերման ու արտահանման ոլորտում մոնոպոլ դիրք գրաված ընկերությունը հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին մասնակցող Դ. Ղամբարյանին կալանավորել են: Նա իր պատիժը կրել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ազատ արձակվելուց հետո նրա ընկերությունում համասեփականատեր դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը:
Այնուհետեւ, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ղամբարյան եղբայրների հետ բաժնետեր է դարձել:
Ու այսքանից հետո դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ կարող է ՀՀ պետեկամուտների կոմիտեն հանդգնել հետաքրքրություն ցուցաբերել մեր երկրի կառավարության հույս ու ապավեն «Սպայկա» ընկերության հարկերի նվազման նկատմամբ: Նրանք լուռ պետք է արձանագրեն իրավիճակը եւ շարունակեն «քերթել անտեր» հարկատուների կաշին:
Իսկ ինչո՞ւ հույս-ապավեն, որովհետեւ արտահանման հետ կապված շատ հարցեր ՀՀ կառավարության ներքին օղակներն անկարող են լուծել ու հաճախ դիմում են «Սպայկայի» օգնությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԿԶԻՋԵՆ
Երեկ կառավարության նիստի սկզբում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարերային աղետների հետեւանքով վնասների խնդրին: Նա նշեց, որ հանրապետության տարածքում տեղացած կարկտի հետեւանքների ուսումնասիրության վերաբերյալ տրվել էր հանձնարարական, վերհանվել է ոչ միայն կարկտի, այլեւ տարվա ընթացքում հեղեղից, երաշտից տուժած շրջանների տվյալները: Կ. Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի ղեկավարին, մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, պետական ծրագրի շրջանակներում հատկացված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները տարերային աղետներից 80-100% տուժածներին զիջելու նպատակով:




Լրահոս