Իշխանությունը պայքարում է մի արատի դեմ, որից ինքն է ծնվել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները անխոնջ պայքար են սկսել կոռուպցիայի դեմ: Համենայն դեպս, իրենք հայտարարում են այդ մասին: Ու հայտարարում են դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ, որ քիչ է մնում իրենք էլ հավատան իրենց ասածներին: Այդ շոուն, իհարկե, վաղուց էին սկսել: Դրանք սաստկացան. նախ՝ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումների փուլում ակտիվացրին կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը, իսկ արդեն փաստաթղթի ստորագրումից հետո միայն այդ մասին են խոսում: Վարչապետ Կարեն Կարապետյանը, օրինակ, երեկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է անցկացրել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ներկայացվել է «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը: Հետո խոսել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի» մասին: Ըստ այդմ, ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու կոռուպցիոն դեպքի հետ կապված ինչպես հրապարակային, այնպես էլ՝ անանուն հաղորդագրություններ ներկայացնել: Ու խոսվել է, որ կան երաշխիքներ, որոնք ապահովելու են անանունությունը, ընդ որում՝ որեւէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը եւ այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել:

Ամեն ինչ գեղեցիկ է հնչում: Միայն թե ծիծաղելի է տեսնել, թե ինչպես է մի երեւույթի դեմ պայքարում իշխանությունը, որ ինքն է ծնունդ առել նույն այդ արատից: Ամեն դեպքում, զավեշտալի է: Բայց, դե, սեղանին դրված խաղադրույքը շատ բարձր է. ԵՄ-ն համաձայնագրի դրույթներն իրագործելու համար պատրաստակամություն է հայտնել 25 տոկոսով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը: Երեկ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, թե Հայաստանը ԵՄ-ից համաձայնագրով նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար 176 մլն եվրո գումար է ստանալու: Ու հիմա, եթե իշխանություններն ուզում են ստանալ այս գումարը, պետք է համաձայնագրի իրականացմանն ուղղված քայլեր ձեռնարկեն, այլապես կզրկվեն փողից: Դրա համար էլ հիմա օր ու մեջ լսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ի դեպ, որքան հիշում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի իշխանությունը խոսում է տարիներ շարունակ, բայց միայն խոսել է, այլապես հիմա շատ խնդիրներ լուծած կլիներ վաղուց: Մնում է հուսալ՝ ԵՄ-ն կստիպի նրանց որոշակի քայլերի գնալ, գոնե հանուն պարգեւավճարի:




Լրահոս