Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից ծեծված ու վռնդված անձը՝ ՀՀ նախագահ. ով է Սերժ Սարգսյանի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի չորրորդ նախագահի անունը: Խոսքը Մեծ Բրիտանիայում  ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի մասին է: Փորձենք վերհիշել` ո՞վ է Արմեն Սարգսյանը եւ ինչպե՞ս է վաստակել իշխանությունների վստահությունը:

Հիշեցնենք` Ս. Սարգսյանը սահմանել էր ապագա նախագահի «չափանիշները»` ասելով, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի անձնավորություն, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, եւ որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:

65-ամյա Արմեն Սարգսյանը ԵՊՀ ասպիրանտուրան ավարտելուց եւ տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ աշխատելուց հետո` 1984թ., գործուղվել է Մեծ Բրիտանիա` որպես Քեմբրիջի համալսարանի դասախոս: Խորհրդային տարիներին, երբ ԽՍՀՄ-ը սառը պատերազմի մեջ էր Արեւմուտքի հետ, «կապիտալիստական թշնամական» երկրներ մարդիկ չէին կարող տուրիստական ուղեւորության մեկնել, էլ ուր մնաց` գործուղվել որպես դասախոս: Այնպես որ, Ա. Սարգսյանի` Քեմբրիջի համալսարանում դասավանդելն ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:

Հետագայում, իհարկե, Սարգսյանը վերադարձել է Հայաստան եւ այստեղ զբաղվել դասախոսական գործունեությամբ մինչեւ 1992 թվականը: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում դեսպան, նաեւ ՀՀ գլխավոր դեսպանը Եվրոպայում: Սակայն 1996թ. նոյեմբերի 1-ին Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետ: 1996թ. նախագահական աղմկոտ ընտրութունների եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում իշխանության նկատմամբ կար հանրային վստահության պակաս: Եւ այն ժամանակ հարկավոր էր, որ առանցքային պաշտոններում նշանակվեն թարմ դեմքեր: Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում էր նշված չափանիշներին, ուստի նշանակվեց նման բարձր պաշտոնի: Նա արագ ընդունվեց հասարակության կողմից: Բայց Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը տեւեց շատ կարճ. 1997թ. փետրվարին նա մեկնեց արձակուրդ, որից հետո` փետրվարի 28-ին, հրաժարական տվեց: Այն ժամանակ խոսվում էր, որ վարչապետի հրաժարականի պատճառը պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ հակասություններն են եղել, եւ արդյունքում Սպարապետն ապտակել էր նրան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը խոստացել էր Վ. Սարգսյանի մտերիմներից մեկին ինչ-որ պաշտոնում նշանակել: Խոստումը չէր կատարել, սակայն, Վազգեն Սարգսյանին խաբել էր` ասելով, թե կատարել է խնդրանքը: Բնականաբար, սուտը շատ արագ բացահայտվել էր, եւ Վազգեն Սարգսյանը խաբելու համար «տղայականով» պատժել էր նրան: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Արմեն Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, եւ դրա համար է մեկնել Լոնդոն, այնուհետեւ հեռվից հրաժարական ներկայացրել:

Ինչեւէ: 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո Սարգսյանը կրկին դարձավ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մինչեւ 2000 թվականը: Այդ ընթացքում էլ հասցրեց զգալի հարստություն կուտակել: Նրա անունը կապված է Ամուլսարի ոսկու հանքի հետ. Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է: Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաեւ փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում: Եւ, վերջապես, Արմեն Սարգսյանին է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որին կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում:
Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Սարգսյանը կարողացել է լուրջ կապեր ձեռք բերել միջազգային ասպարեզում, համարվում է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները:

 

Ա. Սարգսյանը նաեւ Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերության ներկայացուցիչն է: Ու ըստ շրջանառվող լուրերի` «ձեռքի հետ» զբաղվում է նաեւ Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ:

Մեր աղբյուրների պնդմամբ` 2013թ. նրան կրկին դեսպան նշանակելը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Թերեւս սա էր պատճառը, որ Ա. Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, եւ հիմա նրա համար ճանապարհ են հարթում դեպի նախագահական նստավայր: Միայն թե, նկատենք, Արմեն Սարգսյանը նաեւ ինքնուրույն գործելու սովորություն ունի, եւ չի բացառվում, որ ինչ-որ պահից իշխանության ներսում կոնֆլիկտների ականատես լինենք:

Մինչ այդ հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Արմեն Սարգսյանը որոշակի շրջանակներին հայտնի է «Թենզոր» անունով:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նախագահի թեկնածուն լինի դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաեւ այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, եւ դրա մասին դուք կիմանաք»,- ասել է նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս