Այսօր կառավարության նիստում կրկին անդրադարձ եղավ նոր ծնված երեխաների միանվագ նպաստներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, թե այժմ առաջին և երկրորդ երեխաների համար 50 հազար դրամ է միանվագ նպաստը, իսկ 3-4 երեխաների դեպքում մեկ միլիոն դրամ, հինգերորդ երեխայից սկսած 1 մլն 500 հազար դրամ:
Ըստ այդմ, չափի տարբերակումը սկսվում է երրորդ երեխայից, այժմ առաջարկվում է տարբերակումը սկսել երկրորդ երեխայից: Եվ 50 հազար դրամից նպաստը կդառնա 150 հազար դրամ:
Միաժամանակ նախորդ կառավարության քննարկման ժամանակ առաջարկ էլ հնչել, որ միաժամանակ մի քանի երեխա ծնվելու դեպքում այլ կարգավորում լինի: Ըստ այդմ, առաջարկվում է միանվագ նպաստը սահմանել մյուս բոլորի հանրագումարը; Այսինքն, օրինակ եթե առաջին երեխան միանգամից եռյակ է ծնվում, ապա ընտանիքին տրվում է 50 հազար, 150 հազար և 1 մլն դրամ միանգամից:
Մանե Թանդիլյանը նշեց, թե այս կարգավորումը դեռ պետք է արվի «Նպաստների մասին» օրենքով: