Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում չարաշահումներ են հայտնաբերվել: Դրանք հիմնականում ֆինանսական բնույթի են: Չարաշահումներն ի հայտ են եկել բուժհաստատությունում Շիրակի մարզպետարանի իրականացրած ներքին աուդիտի արդյունքում: Հայտնաբերված թերացումները Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հաշվետվության տեսքով ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Տվյալները նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Թե ինչ չարաշահումների ու ինչ գումարի մասին է խոսքը, մարզպետ Սարուխանյանը չմանրամասնեց. «Գործն ուղարկել ենք Դատախազություն: Ֆինանսական բնույթի չարաշահումներ ենք հայտնաբերել, տեսել ենք կոռուպցիոն բնույթի ռիսկեր: Մանրամասնել չեմ կարող: Քննությունը կպարզի մանրամասները»,- ասաց մարզպետ Սարուխանյանը:
Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը խնդրի շուրջ մանրամասներ ու կարծիք հայտնել հրաժարվեց: Իսկ օրեր առաջ նրա հետ նույն հարցի շուրջ զրույցի ժամանակ Կուրղինյանը վստահեցրել էր, որ հիվանդանոցում իրականացվելիք աուդիտը գնահատում է նորմալ, եւ անհանգստության կարիք էլ չկա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը 2016 թվականին քաղաքապետի թեկնածու էր եւ գլխավորում էր ՀՅԴ ցուցակը: Նախորդ տարի էլ վարկանիշային ցուցակով մասնակցում է ԱԺ ընտրություններին։ ՔՊ-ական մարզպետի հետ լարված հարաբերություններին անդրադարձել էինք թերթի նախորդ հարպարակումներում:
Այժմ բուժհաստատությունում իրականացվելու է նաեւ արտաքին աուդիտ: Իսկ մարզպետարանի ներքին աուդիտը հաջորդը կուղեւորվի Գյումրու Շտապբուժօգնության կայան:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածների հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու կապակցությամբ:
Հեղինե Մանուկյան
Գյումրի